Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցության հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են 
փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը  նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերն այդտեղ:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ  Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա  երկրորդ հանդիպումն է՝  հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրումը:

Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարևորությանը՝ այս համատեքստում  քննարկելով  մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը: 

Անդրադարձ է եղել  նաև ՀՀ ԱՆ և ՌԴ ԱՆ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը՝  ընդգծելով մի քանի ուղղությամբ աշխատանքային ծրագրեր իրականացնելու կարևորությունը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է  նաև նոտարական ոլորտի, փորձագիտական կենտրոնի և ՔԿԱԳ համակարգի բարեփոխումները, պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման և «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրման գործընթացը:

Ալեքսանդր Կոնովալովը նշել է, որ պետք է համագործակցել իրավական փոխօգնության հարցերում:  Նա ընդգծել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, նորարարական լուծումների առումով միշտ առաջիններից է: Կողմերը դատապարտյալների փոխանակման, փորձագիտական կարողությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցելու  վերաբերյալ մտքեր են փոխանակել: Կարևորվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակում համագործակցությունը և Հայաստանի գիտնականների, իրավաբանների մշտական մասնակցությունն այդ ֆորումին: ՌԴ արդարադատության նախարարը շեշտել է նաև Հայաստանի հետ կլոր սեղանների, համաժողովների, այլ իրավական միջոցառումների անցկացումը և նշել, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումն  այն  հարթակը կլինի, որը կմիավորի հետխորհրդային լավագույն իրավական միտքը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի այցի օրակարգ ձևավորելու, ստորագրվելիք փաստաթղթերը մշակելու, փորձագիտական, ՔԿԱԳ, քրեակատարողական ոլորտում համագործակցելու հարցերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am