Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը  փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ՀՀ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը,  պատասխանելով News.am լրատվական կայքի հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի  կողմից Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ: 

Հարց. Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան. Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է:

Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բոլոր չորս բանաձևերի առաջնային և անվերապահ պահանջն էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջը չկատարելու հետևանքով անհնարին դարձավ դրանց իրականացումը: Եվ առնվազն զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է կատարում այն բանաձևերին, որոնց կատարումը հենց ինքն է տապալել:

Հարկ է վերստին հիշեցնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկը Հայաստանը չի մատնանշվում որպես հակամարտության կողմ: Հայաստանին միայն կոչ է արվում «շարունակել օգտագործել իր ազդեցությունը» Արցախի վրա, և Արցախը ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ, ինչն Ադրբեջանը շարունակաբար փորձում է անտեսել:

Ադրբեջանը մերժել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջի կատարումը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ կապերի վերականգնման վերաբերյալ։

Ավելին, Անվտանգության խորհրդի բանաձևերը կոչ էին անում ձեռնպահ մնալ հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործողություններից և ջանքեր ներդնել` Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ: Ի՞նչ արեց Ադրբեջանը։ Լրիվ հակառակը. յուրաքանչյուր բանաձևից հետո ծավալեց նոր լայնածավալ ռազմական գործողություններ։

Բաքուն նորանոր սադրանքների գնաց` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նույնը անում է այսօր։

Ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ բազմիցս ոտնահարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջը` միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների խախտումից զերծ մնալու վերաբերյալ, ինչին ականատես ենք նաև այսօր՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով:

Ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման սադրիչ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտել է ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, այլև` 1994թ. հրադադարի հաստատման և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը` զինադադարի ամրապնդման վերաբերյալ։

Փոխվստահության ամրապնդման միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանը և Արցախը ԵԱՀԿ խողովակներով ու լրատվամիջոցներով տեղեկացրել են նախապես ծրագրավորված միասնական զորավարժություններ անցկացնելու իրենց մտադրության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը վերջին ամիսներին անցկացրել է մի շարք զորավարժություններ, այդ թվում` շփման գծի մոտակայքում, ինչի մասին երբեք նախապես պատշաճ չի տեղեկացրել։

Առերեսվելով միջազգային կառույցների արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հայտարարությանը իր արձագանքով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և այդ երկրի միջև: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]