1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեզվի տեսչությանը չի բավարարում հեռուստատեսության լեզուն

Լեզվի տեսչությանը չի բավարարում հեռուստատեսության լեզուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ լեզվի պետական տեսչությունը բավարարված չէ հեռուստատության լեզվի մակարդակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը: «Մի թյուր կարծիք կա, որ մեր հասարակությունը այնքան է իջել, այնքան ցածրարժեք խոսքի է սովոր, որ մեր լրագրողներն ու հեռուստաընկերությունները մատուցում են այդ խոսքը: Եվ եթեր բարձրանում է փողոցային, ժարգոնային և գռեհիկ խոսքը՝ հեռուստասերիալների, հումորային հաղորդումների, առանձին հաղորդաշարերի տեսքով», - ասաց Մարինե Հովյանը:

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը խուսափեց հստակ մատնանշել հեռուստաընկերությունների և հաղորդումների անունները, որտեղ առավել շատ են հանդիպում կոպիտ սխալներ: Սակայն տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են տասը հեռուստաընկերության հաղորդումները և եկել են եզրակացության, որ, անգամ մեղմ չափանիշներով գնահատելիս, այսօր ցածր է հեռուստատեսային լեզվի մակարդակը:

«Կա օրենսդրական պահանջ, սակայն չկա Վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված պատասխանատվություն: Այդ առիթով մոտակա ժամանակ ակնկալում ենք համապատասխան օրենսդրական լրացումներ, որոնց արդյունքում հնարավորություն կլինի շտկել ներկա իրավիճակը», - հավելեց Մարինե Հովյանը:

Նա հովելեց, որ իմացության պակասը գալիս է մանկապարտեղից, բուհից, և նույնիսկ կարծիք կա, որ վերջին տարիներին ամենացածր միավորներով ընդունվում են լրագրության ֆակուլտետ: «Երվանդ Օտյանի կամ Հակոբ Պարոնյանի անունները ոսկե տառերով են գրվել մեր գրականության մեջ: Իսկ այսօր կան հաղորդաշարեր, որոնք նույնիսկ արժանի են փակման, մանավանդ հումորային հաղորդումները: Օրենսդրական պահանջի համաձայն` հեռուստատեսային լեզուն պետք է լինի գրական, սակայն օրենքի այս պահաջը չի կատարվում: Նաև կա խնդիր արագախոսության վերաբերյալ: Հեռուստալրագրողների խոսքն անչափ արագ է, որը տհաճ է հեռուստադիտողի համար և սխալ շեշտադրությամբ: Ամենաշատ սխալներից են խնդրառությունները, հոլովառություններն ու օտարաբանությունները», - ասաց Մարինե Հովյանը:

Մինչև 2005 թ. գործում էր հայերենի տերմինաբանական խորհուրդը, որն այսօր չի գործում: Այն իրենից ներկայացնում էր մի կոմիտե, որտեղ ճյուղային մասնագետները զբաղվում էին հայերենի տերմինաբանության, բառակերտման, բառակազմության հարցերով: Ներկա դրությամբ, նոր տերմիններ չեն սահմանվում, քանի որ չկա որոշումների գրանցման մարմինը: Ներկա պահին ակնկալվում է առաջիկայում «Լեզվի մասին» օրենքում լրացումներ կատարել, որի արդյունքում կվերականգնվի տերմինաբանական կոմիտեի գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]