Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում 2015թ. կկրկնապատկվի ծխախոտագործության ծավալը

Արցախում 2015թ. կկրկնապատկվի ծխախոտագործության ծավալը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մարտունու շրջան՝ տեղում ծխախոտագործության զարգացման և արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Բերդաշենի ենթաշրջանում ծխախոտագործության ոլորտում ձեռքբերված հաջողություններին և ի հայտ եկած խնդիրներին: Գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների, ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ՝ կառավարության ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու ընթացիկ տարում արձանագրված խնդիրների լուծման ուղիները և Մարտունի քաղաքի շրջակայքում այդ ճյուղի հետագա զարգացման հնարավորությունները:

Ըստ զեկուցումների, 2014թ. Արցախում մշակվել է ծխախոտի շուրջ 100 հեկտար դաշտ, որի միջին բերքատվությունը համեմատաբար ցածր էր՝ պայմանավորված գլխավորապես երաշտային եղանակով: Վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցության ձեռք է մեկնելու այս տարվա ընթացքում կորուստներ կրած ծխախոտագործներին, որպեսզի նրանք հաջորդ տարի ևս ի վիճակի լինեն զբաղվել այդ կուլտուրայի մշակմամբ: Արայիկ Հարությունյանը, կարևորելով նշյալ ճյուղի նշանակությունը նաև աշխատատեղերի ստեղծման գործում, հայտարարել է ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ կառավարության և «Մասիս տոբակո» ընկերության ծրագրերի մասին: Ըստ պայմանավորվածության, Մարտունի քաղաքում կառուցվելու է ծխախոտի մթերման կայան, իսկ դաշտերի ընդհանուր ծավալը կհասցվի շուրջ 200 հեկտարի:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Մարտունու սակավաջուր շրջանում ոռոգման հուսալի ցանց ձևավորելու մանրամասները: Այդ կապակցությամբ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է արտեզյան որոշ հին հորերի վերականգնման, ինչպես նաև մի քանի նոր հորերի հատման նախագծեր: Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ այդ հարցը կառավարության հոգածության ներքո է, և կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի շրջանի ոռոգման ջրի խնդիրը: Նրա խոսքով՝ արտեզյան հորերի կայուն ցանցի վերականգնումը նշանակալի խթան կհանդիսանա թե՛ ծխախոտագործության, թե՛ այգեգործության զարգացման համար:

Վերջում վարչապետ Հարությունյանն այցելել է Մարտունի քաղաքում կառուցվող նոր թաղամասի շինհարթակ՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին: 4 նոր շենքերի բնակարանները բաշխվելու են թե՛ պետպատվերի շրջանակներում, թե՛ հիփոթեքային արտոնյալ պայմաններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am