Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

PKK-ն Թուրքիայում քրդական խնդրի միակ լուծում է համարում ինքնավարությունը

PKK-ն  Թուրքիայում քրդական խնդրի միակ լուծում է համարում ինքնավարությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված թեւի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, ով նաեւ Ժողովրդի պաշտպանական ուժերի (HPG) գլխավոր շտաբի հրամանատարն է, հայտարարել է, որ Թուրքիայում քրդական խնդրի լուծման միակ տարբերակը քրդական ինքնավարության ստեղծումն է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քարայըլանը հայտարարել է քրդերենով լույս տեսնող Azadiya Welat թերթին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից խնդրի կարգավորման համար առաջադրված «ճանապարհային քարտեզը» հարցի լուծում չի պարունակում: «ԱԶԿ-ի ցանկությունն այն է, որ PKK-ն ինքն իրեն «հարակիրի» կատարի», - ասել է նա` նշելով, որ քրդական խնդիրը Թուրքիայում պետք է կարգավորվի այն կերպ, ինչպես նմանատիպ խնդիրները ինքնավարության ստեղծումով կարգավորվել են Անգլիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, Հնդկաստանում եւ Ռուսաստանում: «Քրդական խնդրի լուծումն ինքնավարությունն է», -ասել է Քարայըլանը: PKK-ի զինյալների առաջնորդը նաեւ հավելել է, որ անցած հոկտեմբերին կազմակերպությանն անդամագրվել են եւս 1085 մարտիկներ:

Անդրադառնալով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչի այն հայտարարությանը, որ «պետությունը հարկադրված չէ քրդական խնդրի կարգավորման գործընթացում», Քարայըլանն ասել է. «PKK-ն ոչ մեկի կարիքը չունի: Բայց, անկասկած, թուրք եւ քուրդ ժողովուրդներն զգում են խաղաղության, եղբայրության, բարեկամության, միասին ապրելու կարիքը»:

Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Ժողովուրդների դեմոկարատական կուսակցության» (HDP) համանախագահ Սալահեդին Դեմիրթաշը թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հետ զրույցում ասել է, որ մոտ օրերս 20-30 մարդուց բաղկացած պատվիրակություն կմեկնի Իմրալի բանտ, որտեղ ցմահ ազատազրկում է կրում PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը` խնդրի կարգավորրման շուրջ նրա հետ բանակացություններ անցկացնելու համար: Դեմիրթաշի խոսքով` պատվիրակության կազմում ընդգրկված են թուրքական պետության, HDP-ի ներկայացուցիչներ եւ այսպես կոչված «դիտորդական խորհրդի» անդամներ: Նա ասել է, որ բանակցությունների արդյունքները հետագայում պետք է ներկայացվեն Անկարա եւ Կանդիլ (PKK-ի նստավայրը, որը գտնվում է իրաքյան Քրդստանի տարածքում):

PKK-ն քրդերի ինքնավարության համար պայքարն սկսել է 1980-ական թվականներից: Մինչ այժմ Թուրքիայում թուրք-քրդական բախումներում 40 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ թուրքական պետությունը տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]