1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բռնցքամարտը Հայաստանում ճիշտ ուղու վրա է. ֆեդերացիայի նախագահ

Բռնցքամարտը Հայաստանում ճիշտ ուղու վրա է. ֆեդերացիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն արդեն մեկ տարի զբաղեցնում է այդ պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը փորձեց ի մի բերել մեկ տարում արվածը և խոսեց հետագա ծրագրերի մասին:

-Պարոն Գևորգյան, Ձեր` ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո անցել է մեկ տարի: Որո՞նք եք համարում ֆեդերացիայի ձեռքբերումները և որոնք` բացթողումները:

-Գնահատականի առումով կասեմ, որ կատարվել է միայն 30 տոկոս աշխատանք, որ ես ուզում էի տեսնել: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Ձեռքբերումներն այն են, որ դարձել ենք ավելի կարգապահ: Շատ կարգապահ են դարձել մարզիչները, մարզիկները, մրցավարները: Անհաջողություններ գրեթե չկային, այս տարին բացառիկ հաջող տարի էր: Մենք չունեինք մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, բայց ունեինք երիտասարդների և պատանիների, որտեղ փայլեցին մեր տղաները և մեր աղջիկը: Այս տարի առաջին անգամ Հայաստանն ունեցավ աղջիկ աշխարհի չեմպիոն: Տղաների պայքարում ունեինք աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր: ՈՒնեցանք նաև Օլիմպիական խաղերի բրոնզը: Սրանք լուրջ նախադրյալներ են, որոնք ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պատանիները և երիտասարդները մեդալների շարքը համալրեցին երկուական բրոնզե մեդալներով: Այնպես որ, մեդալներով առատ տարի էր: Այս հաղթանակները հուշում են, որ մեր տղաները հաջորդ տարի աշխարհի չեմպիոնության ամենահավանական թեկնածուներն են:

-Հաջորդ տարին օլիմպիական վարկանիշային տարի է: Ինչպիսի՞ն են ակնկալիիքները:   

-Դժվար է հիմա կանխատեսումներ անել, քանի որ քաղաքական խնդիրներ ունենք: Հաջորդ տարի հիմնական մրցաշարերը Բաքվում և Ստամբուլում են կայանալու: Մեր խնդիրը ոչ թե արդար մրցավարությունն է, այլ զուտ հոգեբանական վիճակը: Մարզիկները երիտասարդ են, ինչպես կհաղթահարեն Բաքվում գտնվելու հոգեբանական բարդույթը, անընդհատ հսկողության տակ լինելը, հասարակության, ադրբեջանցի մարզասերների գոռոցները, ինչը խանգարում է լավ մարզիկին լավ հանդես գալ: Այս դեպքում շատ դժվար է որևէ բան կանխատեսել, բայց որ վարկանիշային ուղեգրեր ունենալու ենք, դրանում չեմ կասկածում:

-Պարոն Գևորգյան, Դուք ֆեյսբուքյան Ձեր էջում հստակ գրել էիք Ձեր բացասական վերաբերմունքը ԱԻԲԱ-ի մասին: Այժմ չե՞ք պատրաստվում այլ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցներին անդամակցելու համար:

-Ոչ, չեմ պատրաստվում ոչինչ անել: Առայժմ ոչինչ: Առաջիկա չորս տարում պատրաստվում եմ, և ուզում եմ, որ ունենանք այնպիսի հավաքական, որը ստիպի, որ մեզ հետ հաշվի նստեն: Ես չեմ կարծում, որ Կուբայի հավաքականը ինչ-որ ճանապարհներով է հասել այն բանին, որ իր հետ հաշվի են նստում: Պարզապես նրանք դարձան այնքան ուժեղ, նրանց հետ հաշվի նստեցին: Պարզ օրինակ է և փայլուն ուղի, որը մենք պետք է որդեգրենք մեր հավաքականի համար: Մենք մեր գիտելիքներով, ճարպկությամբ, մեր բռնցքամարտի իմացությամբ պետք է հասնենք նրա, որ մեզ հետ հաշվի նստենք:

-Արդյոք պատրաստվո՞ւմ եք Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարեր , համաշխարհային առաջնությունները:

-Եթե նպատակահարմար համարենք, և դա բխի մեր ազգային թիմի և երկրի շահերից, իհարկե, կանցկացնենք: Ծրագրերում միշտ էլ կան, սակայն կշռադատված դատել է պետք, դրանց ծա՞խսն է շատ, թե` շահույթը: Այնպես չստացվի, որ մենք փորձում են հաճոյանալ միջազգային կառույցներին և մեզ վրա պարտավորություն ենք վերցնում` մեր երկրում անցկացնելու աշխարհի, Եվրոպայի առաջնություններ: Պետք է այնպես անել, որ դա իրական օգուտ բերի մեր սպորտին, երկրին:

-Մարզերի մարզադպրոցների վիճակը չես համեմատի մայրաքաղաքի հետ: Ի՞նչ քայլեր եք կատարում տեղերում վիճակը բարելավելու համար:

-Մեզ հաջողվեց մեկ տարում մարզերում ավելացնել երկրորդ մարզօջախը: Մեկն արդեն Վարդենիսում ունեինք, երկրորդ բացում ենք Իջևանում: Դրանք այն համայնքներն են, որոնք երկար տարիներ բարձրակարգ բռնցքամարտիկներ չեն տվել: Հիմա մեծ ոգևորություն է տիրում: Կարծում եմ, առաջիկա չորս տարում արդեն այդ համայնքներից մարզիկներ կգան հավաքական:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]