Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպիտակի անտառպետությունում տնկվել է առավել քան 80 հազար լայնատերև ծառ

Սպիտակի անտառպետությունում տնկվել է առավել քան 80 հազար լայնատերև ծառ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի անտառապետության «Լեռնանցք» տարածքում տնկվել է ավելի քան 80 հազար տարբեր տեսակի լայնատերև ծառ, ինչպես նաև մոտ 1300 կգ սերմեր են տնկվել: Այս մասին նոյեմբերի 19-ին, «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի պիլոտային տարածքում դաշտային աշխատանքների ամփոփմանը նշեց WWF-Հայաստանի անտառային ծրագրերի ղեկավար Արթուր Ալավերդյանը:

Ծրագրի նշատակն է իրականացնել անտառի տրանֆորմացիա և բարձրացնել անտառների դիմադրողականությունը, կայունությունը, ինչպես նաև ստեղծել այնպիսի կայուն անտառային էկոհամակարգ, որը կլիմայի փոփոխության պայմաններում կարողանա դիմակայել: «Անտառի տրանֆորմացիա» ծրագիրն իրականացվում է WWF-Հայաստանի և ֆինանսավորվում Եվրամիության կողմից:

«Ծրագիրը ներառում էր մի շարք գործողություններ, այդ թվում` միատարր ծառուտների ձևափոխումը խառը ծառուտների, որոնք կլիմայի բացասական ազդեցությունների նկատմամբ ավելի կայուն են: Գուգարքի անտառտնտեսության տարածքում մենք ունենք շուրջ 24 հա տարածք, որը նույնպես ենթարկվել է տրանսֆորմացիայի, և ապագայում այստեղ միատարր սոճուտների փոխարեն կլինի խառն անտառ», - ասաց Արթուր Ալավերդյանը:

WWF-Հայաստանի անտառային ծրագրերի ղեկավարը հավելեց, որ ծրագիրը, բացի տրանսֆորմացիայից, ընդգրկում է իր մեջ  նաև հզորությունների բարելավման մոդուլ, կրթական ծրագրեր, և կազմակերպությունը սերտորեն աշխատում է հարակից տարածքների բնակիչների հետ:

«Մեր բնակլիմայական պայմանները շատ լավն են և, ավելացնելով այս անտառածածկույթը, մենք հետագայում կկարողանանք ավելի լավ պայմաններ ստեղծել մեր երեխաների ու ապագա սերունդների համար: Այս անտառնտնեսությունը նաև լուծում է մեր համայնքի աշխատատեղերի խնդիրը՝ ապահովելով մոտ 50 հոգու համար աշխատանք», - ասաց Սարամեջ համայնքի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

Համայնքում ապրում է 1750 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ՝ սակավ վարելահող ունենալու պատճառով:

«Անտառների տրանսֆորմացիայի ծրագրին նախորդել ել անտառվերականգնման այլ ծարագրեր. մասնավորապես Լոռու տարածաշրջանում անտառապատման ծրագիր է իրականացվել, և միջազգային փորձագետները բարձր են գնահատել կատարած աշխատանքները: Սա շատ կարևոր ծրագիր է: Հիմք են ընդունվել կլիմայական փոփոխությունները և հիվանդությունները, որոնք կարող են տարածվել փշատերև անտառներում ու վերացնել ծառերը», - ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում նունյպես շուրջ 70 հազար ծառ է տնկվել:

«Նաև պետք է խոստովանել, որ մեր կլիմայական պայմաններում շատ բարդ է անտառ տնկել, և մեր աշխատակիցներին սպասում են բավականին բարդ աշխատանքներ առաջիկա տարիներին», - հավելեց Կարեն Մանվելյանը:

«ՄԵզ համար այս ծրագիրը շատ կարևոր բաղադրիչ է  ընդհանուր կովկասյան ծրագրերի շարքում: Կլիմայի փոփոխությունների խնդիրը բորորիս համար պարզ է, և մենք հասկանում ենք, որ հետագա տարիների ընթացքում կլիմայի փոփոխությունների ճնշումը անտառների վրա ավելի կմեծանա», - ընդգծեց WWF-Գերմանիայի ներկայացուցիչ Մաթիաս Լիխթենբերգը:

«Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012-ի վերջում: Անտառի տրանսֆորմացիայի գործողություններն սկսվել են 2012թ-ի աշնանը և կավարտվեն 2015թ-ի գարնանը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]