Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քաղաքագետն առաջարկում է Արցախը դարձնել միջազգային չվերթներ սպասարկող դիսպետչերական կարևոր օղակ

Քաղաքագետն առաջարկում է Արցախը դարձնել միջազգային չվերթներ սպասարկող 
դիսպետչերական կարևոր օղակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը հակասություն է տեսնում Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության եւ այդ երկրի ռազմական գերատեսչության տարածած այն հաղորդագրության միջեւ, ըստ որի` «ուղղաթիռը խոցվել է, քանի որ այն հատել է Ադրբեջանի օդային տարածքը»:

«Մի դեպքում, Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական ուղղաթիռի՝ ադրբեջանական սահմանի հատման փաստն է լարվածության աճի պատճառ դարձել, մյուս դեպքում նշում՝ ՀՀ ԶՈՒ-ի առկայությունը «օկուպացված տարածքներում»: Տևական ժամանակ է, հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջնորդներին, տեղեկացնում է Ադրբեջանի՝ առաջնագիծը ծանր տեխնիկայով հագեցնելու մասին: Ընդ որում՝ այդ մասին կարելի է ժամանակ առ ժամանակ հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ առաջնագծում արված կադրերում ու մամուլի հաղորդագրություններում: Սակայն որևէ արձագանք (բացի տրաֆարետային հայտարարություններից) չկար: Այս առումով, սպասելի էր, որ ծանր տեխնիկայի գործածմամբ սադրանքների դրսևորումներ կլինեն: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակ Քեթրին Ռեյը միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե Եվրամիությունը կոչ անում հետաքննել Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի կործանման միջադեպը: Շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մասին ԵՄ-ն և մյուս միջազգային կառույցները պետք է հայտարարություններ հնչեցնեին ոչ թե սադրանքներից հետո, այլ ավելի վաղ, երբ հնարավորություն կար խուսափելու նման միջադեպերից: Դրա համար անհրաժեշտ էր հետևողականություն դրևսորել այն ժամանակ երբ խոսվում էր ծանր տեխնիկայի կուտակումների, երբ առաջ է քաշվում դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու մասին, և վերջապես, այն ժամանակ, երբ կողմերին առաջարկվում էր համաձայնության գալ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու հարցում»,- Facebook-յան իր էջում գրում է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Իր մաքսիմալիստական քաղաքականությունն իրականացնելիս Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինչի դրևսորման օրինակ կարելի է համարել նաև այս միջադեպը: «Վերոնշյալը սադրանք էր՝ պատերազմ հրահրելու կանխամտածված նախաձեռնությամբ, ինչը ստիպում է հայկական կողմին՝ ընդունել հավասարակշռված որոշումներ, իսկ գործել սառնասրտորեն:Այն, որ ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացնելու՝ ակնհայտ է ու սպասելի (աննախանձելի է պատժիչ գործողություններ սպասող ադրբեջանական ստորաբաժանումների վիճակը), մյուս կողմից, պակաս կարևոր չէ անհրաժեշտ ուսումնասիրությունների, հետաքննությունների իրականացումն Արցախում՝ հետագայում նման միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով»,- գրում է Աբրահամյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ շեշտում է, որ կատարվածից հետո հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որպեսզի Ստեփանակերտի օդանավակայանը հնարավորինս շուտ գործարկվի: Մինչ օրս, Արցախի իշխանությունները կենտրոնացած էին միայն Ստեփանակերտից թռիչքներ իրականացնելու գաղափարի վրա: Այսուհետև ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախը դառնա միջազգային չվերթներ սպասարկող դիսպետչերական կարևոր օղակ մեր տարածաշրջանում: Ինչու՞ թողնել, որ հայկական երկրորդ պետության օդային տարածքով թռնող օդանավերը Ադրբեջանի բյուջեն հարստացնեն: Այսուհետև թող Արցախի ու ՀՀ-ի քաղավիացիայի վարչությունները զբաղվեն այդ գործով: Ու դա շատ ավելի ճիշտ կլինի, քան այն իրավիճակը, որ կար մինչ երեկվա օրը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]