Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ լեզվի պետական տեսչությունը վերահսկելու է հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակը

ՀՀ լեզվի պետական տեսչությունը վերահսկելու է հայալեզու էլեկտրոնային առցանց 
շտեմարանի որակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակը այսուհետև վերահսկելու է ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը։ 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, «ԻՍՄԱ» ՍՊԸ տնօրեն Էդիկ Մանուկյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը 2014թ. նոյեմբերի 7-ին կնքեցին երկամյա համագործակցության հուշագիր։ 

«Ապագայի համար սա շատ բարի գործ է ու այն նաև ունի հայապահպանության նպատակ։ Արտասահմանում ապրող մեր հայրենակիցների մի մասի համար, որոնք հաղորդակցվում են այլ լեզուներով և չեն տիրապետում մայրենի լեզվին, այս շտեմարանը հրաշալի միջոց է դառնում պահպանելու մայրենի լեզուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և հավելեց, որ կնքված հուշագրով իրենք պարտավորվում են նպաստել գրական հայերենի կանոնակարգման սկզբունքների մշակմանը համացանցում, օգտվել առցանց շտեմարանի վեբ խմբագրիչի հնարավորություններից և կատարել ճշգրտումներ համակարգի շտեմարանում, ինչպես նաև ճշգրտել լեզվի պետական տեսչության հաստատմանը ենթակա շտեմարան ներբեռնվելիք բառերի ցուցակները։ 

«ԻՍՄԱ» ՍՊԸ տնօրեն, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը նշեց, որ 15 տարում մշակվել է մի ծրագիր, որի իրական արժեքը մի քանի միլիոն դոլլար է։ «Մենք ստեղծել ենք բառարանների նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ յուրաքանչյուր բառ տառ առ տառ հնչեցվում է, ինչը օգտատերերին օգնելու է սովորել հայերեն։ Մեր շտեմարանը հասկացությունների մեծ բազա է, որտեղ յուրաքանչյուր բառ ներկայացվում է մի քանի իմաստով»,- ասաց նա և հավելեց, որ շտեմարանում կա 74 հազար հասկացություն, 94 հազար հայերեն, արևմտահայերեն և ռուսերեն բառեր։ 

Բանախոսը նշեց նաև, որ կնքված հուշագրով իրենք պարտավորվում են Լեզվի պետական տեսչության աշխատակիցների համար շտեմարանի մատչելությունը ապահովել մասնագիտացված վեբ խմբագրիչի օգնությամբ և տեսչությանը կտրամադրեն խմբագրիչի ինտերնետային հասցեն, մուտքի գաղտնաբառը և օգտանունը։ 

«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի որոշակի օժանդակության շնորհիվ, կատարել է հայոց լեզվի (արևմտահայերեն, արևելահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար լեզուներով (անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, զազալի, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն)առցանց բառարանների մշակում (www.translator.am): 

Վերը նշված համակարգն ամենածավալունն է և կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի հետագա պահպանման և զարգացման գործում, այդ պատճառով պետք է դրանք ճշգրտել Լեզվի պետական տեսչության հետ, և համակարգը մշակող խումբը որոշել է այս գործառույթը կամովին հանձնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am