Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտում էլ խզված է կրթություն-աշխատաշուկա կապը

ՏՏ ոլորտում էլ խզված է կրթություն-աշխատաշուկա կապը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ Հայաստանում կրթության և ձեռներեցության միջև կապն ամրապնդելու համար հարթակ ստեղծելու անհրաժեշտություն կա: ՏՏ ոլորտի ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումի շրջանակներում քննարկում են դպրոցական, համալսարանական կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում:

Քննարկման թեմայի առանցքում այն հարցն էր, որ կրթություն-աշխատաշուկա կապն է խզված և համալսարանները չեն պատրաստում կադրեր, որոնց կարիքն ունեն այս ոլորտի ընկերությունները: Նշված խնդրի մեջ, ըստ մասնագետների, իրենց մեղքի բաժինն ունեն նաև գործող ընկերությունները, որոնք հաճախ անհրաժեշտ հաղորդակցություն չեն հաստատում կրթական հաստատությունների հետ:

«Արտադրությունը չի գալիս համալսարան ու չի թելադրում իր խնդիրները, որի արդյունքն էլ այն է, որ ստեղծվող կադրերը չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին»,-այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ներքո գործող Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL) համակարգող Ամալյա Մխիթարյանը: Նա ներկայացրեց այն աշխատանքը, որը կատարում է մեկամյա պատմություն ունեցող ANEL նախագիծը:

ՀԱՃԼ (ANEL)-ը տեղակայված է ՀՊՃՀ  Երևանի կենտրոնական մասնաճյուղի թիվ 10 մասնաշենքի 4-րս հարկերում: Այն իրենից ներկայացնում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ:

Ամալյա Մխիթարյանի խոսքով` անհրաժեշտ է ապահովել դպրոց-համալսարան-գիտահետազոտություն-արտադրություն ցիկլիկ կապը: Նրա հավաստմամբ` իրենց համալսարանը, համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, ապահովում է դպրոցահասակ երեխաների այցելությունը լաբորատորիաներ: Ինչ վերաբերում է տեսական գիտելիքը գործնականում կիրառելուն, Ամալյա Մխիթարյանը հայտնեց, որ դա էլ ապահովում են լաբորատորիաների միջոցով, որտեղ ուսանողներն ունեն բոլոր անհրաժեշտ պայմաններն իրենց նորարարական գաղափարներն ի կատար ածելու համար:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե ուսանողները որքանով են մոտիվացված խորացնել գիտելիքները, հաճախել լաբորատորիաներ, առաջ քաշել նոր գաղափարներ, Ամալյան Մխիթարյանը նշեց. «Փորձը ցույց է տալիս, որ ուսանողների 20 տոկոսն է, որ հստակ գիտակցում է, թե ինչ է ուզում, ու ուղղորդված քայլեր է կատարում իր նպատակներին հասնելու համար»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման ծրագրերի ղեկավար Սարգիս Զեյթունյանն էլ ներկայացրեց մասնավոր սեկտորի հետ համագործակցության Ամերիկյան համալսարանի փորձը: «Ունենք դասընթաց, որի շրջանակներում ուսանողները զբաղվում են Հայաստանում գործող ընկերությունների աշխատանքի օպտիմիզացիայի խնդիրներով»,-ասաց բանախոսը` ավելացնելով, որ համալսարանը կապ է հաստատում տարբեր ընկերությունների հետ, փորձում ստանալ որոշակի տվյալներ կամ խնդիրներ, որոնք ունեն ընկերությունները, որոնց լուծման առաջարկներ են մշակում ուսանողները: «Այնուհետև այդ առաջարկությունները համալսարանը ներկայացնում է այդ նույն ընկերությանը, որը նպատակահարմար համարելու դեպքում կարող է դրանք կիրառել»,-նշեց Սարգիս Զեյթունյանը:

Կրթական ծրագրի իրականացման փուլում մասնագետը նկատել է մի շարք դժվարություններ, որոնք խոչընդոտում են համալսարան-ձեռնարկություններ կապերի զարգացմանը: «Համագործակցության ընթացքում ես առանձնացրել եմ երկու տիպի ընկերություններ` բաց ու փակ: Հիմնականում, ՏՏ ոլորտի ընկերություններն ավելի բաց են, իսկ արտադրությամբ զբաղվողները` փակ: Շատ ձեռնարկություններ հրաժարվում են տվյալներ տրամադրելուց: Իհարկե, տվյալներ չունենալու դեպքում մենք երևակայական տվյալներով ենք ստանում մոդելները, տրամադրում ենք նրանց: Սա հնարավոր է, բայց ցանկալի չէ»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքով` հաջորդ խնդիրը, որ նկատել է Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչը, նորարար գաղափարների նկատմամբ ընկերությունների դիմադրությունն է: «Հաջորդ խնդիրն այն է, որ շատ ղեկավարներ կարծում են, որ ուսանողին տրամադրած ժամանակը կորուստ է, քան ներդրում: Շատ դասախոսներ, ովքեր աշխատում են խոշոր ձեռնակություններում, հիմնարկներում, միայն հասցնում են գալ դասերի ու դասերից դուրս շփումը ուսանողների հետ հնարավոր չի լինում: Նրանք նաև մեծամասամբ չեն ընդունում դիպլոմային, կուսային աշխատանքներ ղեկավարելու առաջարկը»,-հավելեց Սարգիս Զեյթունյանը:

Քննարմանը մասնակցող մասնագետներից մեկի կարծիքով` ուսումնական գործընթացին գործատուների ներգրավվածությունը պետք է լինի սոցիալական պատասխանատվության հարց: Մեկ այլ մասնակցի խոսքով էլ` համալսարանների խնդիրը պետք է լինի մտածող մարդկանց պատրաստելը: Նա հավելեց, որ բիզնես հատվածը չի կարող այսօր ներկայացնել` ինչ պահանջներ ունի, հստակ պատվերներ տալ ի վիճակի չի, քանի որ այս ոլորտում զարգացումը շատ արագ է տեղի ունենում և պահանջները կարող են ժամանակավրեպ դառնալ:

Ներկաները եկան այն եզրահանգման, որ բիզնես սեկտորը պետք է ակտիվորեն համագործակցի համալսարանների հետ, տա խնդիրների ցանկ, որից հետո համալսարաններն իրենք որոշեն, թե ինչ ուղով դա կատարեն:

Բացի այդ` համալսարաններն ու կրթական հաստատությունները պետք է գնան արագ լուծումներ գտնելու ճանապարհով, քանի որ բիզնեսը երկար չի սպասում:

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ընթանում է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]