Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի բոլոր դպրոցներում կստեղծվեն «Պատանի երկրապահ» ակումբներ

Հայաստանի բոլոր դպրոցներում կստեղծվեն «Պատանի երկրապահ» ակումբներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենասիրական դաստիարակությունն աճող սերնդի մեջ ամրապնդելու նպատակով լույս է տեսել «Հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը: Ուղեցույցի նպատակն է օգնել ուսումնական հաստատություններին՝ սովորողների հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներն իրականացնել պատշաճ մակարադակով՝ ապահովելով դրանց արդյունավետությունը:

Երկրապահ կամավորականների միությունում նոյեմբերի 1-ին անցկացվեց ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանը: Միջոցառման մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը:

ՀՀ ԿԳ հանրակրության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ իրենք իսկապես մեծ սիրով են աշխատել այս ձեռնարկի ստեղծման վրա: «Դաստիարակության խնդիրը միշտ եղել և այսօր էլ մնում է կարևորագույն խնդիր կրթության զարգացման գործում: Շուրջ 70 դպրոցում ունենք պատանի երկրապահների ակումբներ: Ես կարծում եմ, որ 2015թ. դեկտեմբերին մենք ունենալու ենք 1400 պատանի երկրապահների ակումբներ մեր բոլոր դպրոցներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նարինե Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ այն դաստիարակությունը, որ իր սերունդն է ստացել պապերից, հայրերից, նաև սովորելով դպրության օրրաններում, իր արտացոլումը գտավ Հայաստանի անկախության համար մղվող պայքարում: «Դրա շնորհիվ մենք կարողացանք ունենալ հաջողություններ: Մեր սերնդակիցների հիմնական աշխատանքը պետք է լինի այդ ամենի փոխանցումը հաջորդ սերնդին: Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր երկրի համար, և դրա շուրջն իրականացվում է հայեցակարգի մշակում և միջոցառումների մի ահռելի ցանկ, որոնց մեծ մասը նշված են նաև այս ուղեցույցի մեջ: Մեր մանկավարժները պետք է հասկանան, որ սա փոքր մասն է, իսկ մնացածը կախված է յուրաքանչյուր մանկավարժի ստեղծագործական ունակություններից և մտածելակերպից: Այս ծրագրի շնորհիվ մենք կհասկանանք նաև, որ գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, և, կարծում եմ, որ մի օր գիտելիքն առաջ կանցնի ուժից»,-նշեց Սեյրան Օհանյանը:
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ փաստեց, որ նման ուղեցույցներն անհրաժեշտ են նոր սերդնի համար: «Պատանի երկրապահների դաստիարակության հիմնական գաղափարն այն է, որ վերևում Աստված է, ներքևում՝ հայրենիքն ու ծնողները, առջևում էլ՝ անկախությունը»,-նշեց նա:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այսօրվա աշխարհում կրթությունը միայն ուսումնական պրոցեսը չէ: «Կրթության բաղկացուցիչ, իսկ Հայաստանի համար գուցե և ճակատագրական մաս է կազմում դաստիարակության հարցը: Ժամանակակից հայ կրթելու առաքելության մեջ անձամբ ինձ համար «հայ» բառն ավելի կարևոր է, քան «ժամանակակից»-ը»,- շեշտեց նա:
ԿԳ նախարարի խոսքով՝ ինքը շատ է ուզում, որ հաջորդ տարի այս ժամանակ բոլոր 1400 դպրոցներում ունենան այն ամենը, ինչի մասին, որ այսօր խոսում են: «Պետք է հասկանանք, որ դա հետևողական աշխատանք է պահանջում»,- հավելեց նա:

ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունները և «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ն 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքեցին փոխըմբռման հուշագիր, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը: «Պատանի երկրապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցը լույս է տեսել հենց այդ հուշագրի ստորագրման արդյունքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]