Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նոր Վարագավանքի վեղարն ազատագրվել է մեկ մետրանոց հողի շերտից, իսկ Գոշավանքը փրկվել է հետագա խարխլումից

Նոր Վարագավանքի վեղարն ազատագրվել է մեկ մետրանոց հողի շերտից, իսկ 
Գոշավանքը փրկվել է հետագա խարխլումից

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 200 հուշարձաններ մինչեւ տարեվերջ հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզում կատարած շրջայցի ժամանակ: Հասմիկ Պողոսյանն այցելեց Նոր Վարագավանք և Գոշավանք, ծանոթացավ վերականգնման աշխատանքներին:

Անապատ կամ Սբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Նոր Վարագավանքի վանական համալիրի հարավարեւելյան մասում, արևմտյան մուտքի բարավորին փորագրված 9 տողանի արձանագրության համաձայն, կառուցել է 1198 թ. Կյուրիկե Բ Բագրատունի թագավորի թոռը` Վասակ Ա-ի որդին` Նոր Բերդի իշխան Դավիթը:

Նոր Վարագավանքի վերականգնման աշխատանքները իրականացվել են Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի կողմից, որոնք սկսվել են 2012 թ., երբ Սբ Աստվածածին եկեղեցին ի սպառ զուրկ էր ծածկասալերից, հյուսիսային ճակատի երեսապատի քարերը մասամբ թափված, մասամբ հանված տարված էին:

«Այս պահին ավարտվել են նախագծով կատարվող աշխատանքները, սակայն գործն ամբողջությամբ ավարտված չէ: Վերականգնողական աշխատանքները կատարվում են հովանավոր Նորայր Խաչատրյանի շնորհիվ: Մեր կառույցը ներկա պահին Հայաստանի տարածքում 11 եկեղեցու վերանորոգման աշխատանք է կատարում: Բոլոր եկեղեցիներում նոր լուծումների իրականացման պահանջներ են առաջանում, իսկ ճարտարապետները բավական բարեխիղճ են և առաջին իսկ ահազանգից գալիս ու ընդհանուր լուծումներ են գտնում», - ասաց Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Գագիկ Եղանյանը:

Նոր Վարագավանքի վերականգնման աշխատանքների հեղինակը ճարտարապետ Մերի Դանիելյանն է: Եկեղեցու սրահի հատակին առաջացել էին խորը փոսեր, իսկ սալահատակի որոշ քարեր պիտանի չէին: Նախ հեռացվել է վեղարի վրա տարիների ընթացքում կուտակված մոտ մեկ մետր հաստությամբ հողի շերտը, բացվել են ներքին թաղերի քարերի թիկունքները, որոնք լվացվել են ու փոշեզրկվել ջրի շիթով, և շարվել են նոր ծածկասալերը: Վերականգնվել է հյուսիսային ճակատն ամբողջությամբ, գետնախարիսխների կոտրատված և կազմաքանդված քարերը հեռացվել են` փոխարինվելով նորերով:

Գագիկ Եղանյանի խոսքերով՝ կատարված աշխատանքների ամբողջ գումարը կազմել էր 118 միլիոն դրամ, իսկ վերականգման հաջորդ փուլը դեռ գտնվում է նախագծային փուլում, և պատվիրատուն նպատակաուղված է շարունակել ֆինանսավորումը:

Նոր Վարագավանքից բացի, շրջայցի շրջանակներում, Հասմիկ Պողոսյանը այցելեց նաև Գոշավանք, որտեղ ծանոթացավ պետական միջոցներով 2011 թվականից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը (1191-1196թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։

Վնասված վանքի վերականգնման նպատակով հեռացվել են տանիքների ծածկասալերը, որոնց խիստ քայքայված լինելը մեծ վնաս էր պատճառում եկեղեցու կայունությանը: Նախատեսվում է նաև կատարել եկեղեցու պատերի արտաքին երեսապատի քարերի քայքայված հատվածների վերականգնում, պատերի միջուկի լվացում ջրի շիթով և ներարկում կրակաթով՝ դատարկ խոռոչները լցնելու և պատն ամրացնելու նպատակով: Այնուհետև ծրագրվում է ամրացնել կառույցի հիմքերը, բացել հիմնատակերը, իրականացնել բետոնացման աշխատանքներ, գետնախարիսխների քայքայված քարերը փոխարինել նորերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]