Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Halloween-ը Հայաստանում կոլեկտիվ զվարճանքի սոցիալական կարիքը լրացնելու այլընտրանք է

Halloween-ը Հայաստանում կոլեկտիվ զվարճանքի սոցիալական կարիքը լրացնելու 
այլընտրանք է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Halloween տոնը։ ԱՄՆ-ում այս տոնը նշվում է ընտանեկան տոնախմբություններով, երեկույթներով և հրավառություններով: Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ հագած մարդիկ դուրս են գալի փողոցներ, իսկ երեխաները` զամբյուղները ձեռքներին, թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում: «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե ինչպես են Հայաստանում նշում Helloween-ը և առհասարակ մեր հասարակության տարբեր խմբերի վերաբերմունքն այս դիմակահանդեսային տոնի նկատմամբ: 

Հոկտեմբերի 30-ի երեկոյան երևանյան փողոցներով քայլելիս արդեն կարելի էր տեսնել նախատոնական տրամադրություններ: Խանութների, ժամանցի վայերերի դիմաց տեղադրված էր Helloween-ի չար ուժերը խորհրդանշող «Ջեկի լուսատու»-ն` չարախինդ դեմքի տեսքով փորագրված դդումը, որի մեջ մոմ է վառվում: Հետաքրքրական է, որ առաջին անգամ «Ջեքի լուսատուները» հայտնվել են Մեծ Բրիտանիայում, և այն պատրաստվել է ոչ թե դդումից, այլ` ճակնդեղից:

Ակումբային կյանքը լուսաբանող clubbing.am ժամանցային մեդիա գործակալության հիմնադիր և տնօրեն Լևոն Զարաֆյանը նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես երևանյան ակումբները պատրաստվում մեծ շուքով նշել Halloween-ը: «Dresscode»-ը պարտադիր է: Ակումբները նաև իրենք են տրամադրում դիմակներ կամ դիմահարդարում բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել պատրաստվել: Եթե սովորական օրերին մարդկանց հոսքն ակումբներ սկսվում է 23:00-ից, ապա այս օրը երեկոյան ժամը 21:00-ից արդեն հերթեր են գոյանում ակումբների դիմաց»,- ասաց Զարաֆյանը` հավելելով, որ Halloween-ն ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու լավ առիթ է: Նրա խոսքով` հայ երիտասարդ տղաների շրջանում ամենից տարածված կերպարներն են «Ճիչ» ֆիլմի դիմակը, Կոմս Դրակուլան, իսկ աղջիկները` վհուկների և կմախքների կերպարներ են նախընտրում:

Զարաֆյանը նաև նկատում է, որ ակումբային մշակույթը տարեցտարի զարգանում է Հայաստանում և կայացման փուլում է. մարդիկ սկել են ավելի շատ և պատրաստված այցելել այդ ժամանցային վայրեր:

Երևանյան փաբերից մեկում էլ այսօր երեկոյան «Anti Halloween» երեկո է նախանշվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում 80’s փաբի տնօրեն Հակոբ Բերբերյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում նշել տոնը: Երեկոյան ծրագրում իրենց ամենշաբաթյա համերգներն են: «Նախընտրում ենք նշել մեր հայկական ավանդական տոները, քան օտարներինը, օրինակ` փաբում նշել ենք Բարեկենդանը»,- ասաց Բերբերյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` պատմական գործընթացներով պայմանավորված` հայկական ավանադական տոները մեր կայնքի հետ համընթաց չեն զարգացել, որի արդյունքում էլ այսօր չեն բավարարում ժամանակակից պատանիների գեղագիտական պահանջները: «Հասարակությունը կոլեկտիվ զվարճանքի կարիք ունի, և տոնահանդեսային մշակույթի բացակայության ֆոնին մարդիկ ինքնակազմակերպվում են՝ վերցնելով աշխարհում տարածում ունեցող օտար տոները: Կրթության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով երեխաները և պատանիները շփվում են այլ մշակույթների հետ և քանի որ կոլեկտիվ զվարճանքի սոցիալական պահանջը կա, նրանք վերցնում են այն, ինչ արդեն պատրաստի կա»,- պարզաբանեց ազգագրագետը: Նման դիմակահանդեսային տոնին զուգահեռ կարելի է համարել հայկական Բարեկենդանը: «Սակայն հայկական զուգահեռները, ցավոք սրտի, մնացել են ավանադական գավառական տարբերակում և չեն լուծում սոցալական պահանջմունքի խնդիրները»,- հավելեց Խառատյանը:

Helloween-ը սերում է Բրիտանական կղզուԻռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի կելտերի գլխավորը տոներից մեկի` Սամայնի տոնից, որը համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին: Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների՝ կելտ քրմերի խարույկից։ Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում։ Բրիտանիայի և Իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ։

835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումն էլ ակամայից պատճառ հանդիսացավ, որ «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով «զգեստավորվի» կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև մեր ժամանակներ։

Պատրաստեց Սյունե Բարսեղյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]