Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտեմ Ասատրյանը կարծում է, որ հղիության նպաստների վերաբերյալ նախագծի վերջնական տարբերակից բոլորը գոհ կմնան

Արտեմ Ասատրյանը կարծում է, որ հղիության նպաստների վերաբերյալ նախագծի 
վերջնական տարբերակից բոլորը գոհ կմնան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխությունների մասին օրենքի նախագծի նպատակն առկա խնդիրների կարգավորումն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Մենք այս ընթացքում առարկայական քննարկումներ ենք ունեցել, ինչը, կարծում եմ, շատ նպաստավոր էր այն առումով, որ շահագրգիռ շրջանակների, շահառու անձանց, գործատուների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների, ինչպես նաև խորհրդարանական լսումների ընթացքում հնչած բոլոր առաջարկները մեր կողմից ընդունվել են և ներառվել են նախագծի ամփոփաթերթում: Այսինքն, առարկայական բնույթ կրող բոլոր առաջարկները վերլուծության են ենթարկվել և դրանց հիման վրա համապատասխան փոփոխություններ կիրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ նախարարությունն արդեն վերջնական տեսքի է բերում նախագիծը, որն առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվի Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը: «Այդ քննարկումների ժամանակ էլ մենք կունենանք վերջնական բոլոր հարցերի պատասխանները»,- նկատեց Ասատրյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը օրենքի նախագծի հետ կապված դժգոհությունների համար մեղքը հենց նախարարի վրա է գցում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ որևէ մեկի վրա մեղքը գցելու խնդիր չկա: «Հանրապետության վարչապետն ուղղակի ներկայացրեց իր հստակ մոտեցումը խնդրի հետ կապված: Ես հստակ նշեցի, որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումեր են տեղի ունեցել, որոնք էլ ենթադրում են որոշակի լուծումներ, ինչն արտահայտվելու է օրենքի նախագծի վերջնական տարբերակում»,- ընդգծեց նախարարը:

Հարցին՝ կարող է նախարարությունն այնպիսի նախագիծ ներկայացնել, որ բոլորը գոհ մնան, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք ձեզ հետ միասին կկարողանանք անել այնպիսի քայլեր, որ ընդհանրապես այն բոլոր անձինք, ովքեր առարկայական շահագրգռություն ունեն այս խնդրի ճիշտ հանգուցալուծման համար, բավարարված լինեն լուծումներով: Ես կարծում եմ, որ հանրապետության վարչապետը, իր մոտեցումները հստակ ներկայացնելով, առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, այն անձանց, ում խնդիրների լուծման ուղղությամբ էլ տարվում են աշխատանքները»:

ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Նոր նախագծի համաձայն` եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100-տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]