Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում ինովացիոն համակարգի զարգացումը կառավարության գերակայություններից մեկն է. ՀՀ վարչապետ

Հայաստանում ինովացիոն համակարգի զարգացումը կառավարության 
գերակայություններից մեկն է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի և ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում: «Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը: Մասնավորապես, վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը և Նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրմանը: «Այսօր դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որևէ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն  ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը և մրցունակությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ֆորումը լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման և արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացները:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության  և մասնավոր հատվածի միջև ձևավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Նման միջոցառումները, ըստ վարչապետի, կարևոր են նաև նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման առումով, ինչպես նաև ոլորտում առաջացած խնդիրները քննարկելու և առկա մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները գնահատելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:

Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]