Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը: Այն միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն այսուհետ կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին: Փառատոնի մարզային փուլը կշարունակվի մինչև 2014թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն փառատոնային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից: Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես, «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ընդգրկված են Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները:

Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]