Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ՌեԱնիմանիա»-ն մեկնարկեց Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց- սիրտը» ֆիլմով

«ՌեԱնիմանիա»-ն մեկնարկեց Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց-
սիրտը» ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ կինոսերներ հոկտեմբերի 25-ին մասնակցեցին «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնի մեկնարկին: Ամենամյա տոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՝ կարմիր գորգի քայլերթով և Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց-սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով: Փառատոնի բացման արարողության ընթացքում թատրոնը և անիմացիան ներկայացան մեկ բեմում՝ «Փոքր թատրոնի» դերասանների ուժերով: Բացման արարողության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու փառատոնի մրցութային ֆիլմերին և ժյուրիի անդամներին:

Արդեն սիրելի դարձած տոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 25-31-ը: Վեցերորդ «ՌեԱնիմանիա»-ն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ փառատոնն իր առջև նպատակ էր դրել վերականգնել անիմացիոն կինեմատոգրաֆիայի ոլորտում առկա ավանդույթները և կինոարտադրությունը փորձել ներկայացնել նաև արտասահմանում: «Այս տարիների ընթացքում «ՌեԱնիմանիա»-ի աշխատակազմը բավականին լուրջ աշխատանք է կատարել: Այն դարձել է տարածաշրջանային փառատոն, որը ճանաչված է ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական կինոշուկաներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի խոսքով՝ փառատոնը բավական եծ հեղինակություն ունի: ««ՌեԱնիմանիա»-ի յուրաքանչյուր փառատոն մի նորամուծություն ունի. այս տարին ևս բացառություն չէ, որովհետև փառատոնին մասնակցում են ոչ միայն պատրաստի ֆիլմեր, այլև կինոնախագծեր: Փառատոնը հավակնում է դառնալ կինոշուկա»,-նշեց նա:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ տարեցտարի ավելանում են փառատոնին դիմող մասնակիցների և երկրների հայտերը: «Մեծացել է փառատոնի միջազգային համբավը և աշխարհագրությունը: Այս տարի ունենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագիր, որը ներկայացնում է ֆիլմեր, որոնք դեռևս գործընթացի մեջ են»,-նշեց նա:

Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնն ունեցել է շատ դժվար օրեր, սակայն այն կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները: Նա նաև շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր աջակիցներին և հովանավորներին:

Բացման արարողության ընթացքում Aardman Animations ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ ամեն տարի մեկ հայ ուսանող հնարավորություն կստանա վերապատրաստվել Բրիստոլում:

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոնը (ԱՄՆ), Գարի Շվարցը (ԱՄՆ), Կարոլին Շվայցերը (Գերմանիա), Շառլի Սանսոնետտին (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետտին (Ֆրանսիա), Թամար Հայդուկեն (Իտալիա), Առնաբ Չաուդհուրին (Հնդկաստան), Այլին Խաչատուրյանը (Լիբանան), Սիմոն Ֆիլյոն (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչը (Սերբիա), Սերժ Բեսեթը (Ֆրանսիա), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկան (Անգլիա), Իլյա Յուդովիչը (Ռուսաստան), Վլադիմիր Լապինը (Ռուսաստան), Ստեֆան Բերլան (Ֆրանսիա), Մարկ Բորեալը (Ֆրանսիա), Մարի Բորեալը (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշևսկին (Լեհաստան): Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ:

Արտամրցութային ծրագրերից է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակներում տեղի կունենա 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: «Անիմացիայի հսկաները» ծրագրի շրջանակներում կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 և հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրագրերի շրջանակներում կկայանա ռեժիսորների ֆիլմերի «Հետահայաց» ցուցադրությունների ծրագիրը:

Այս տարվա փառատոնը ներառում է նաև վարպետության դասընթացների անցկացում: Կանցկացվի երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Մասնավորապես, վարպետության դասընթացներով հանդես կգան բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ և դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաև համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա):

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ փառատոնի շրջանակներում կներկայացվի ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «Ֆոլիմաժ»-ը: Ծրագրի իրականացման շրջանակներում կհյուրընկալվի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, մի շարք ֆիլմերի հեղինակ Սերժ Բեսեթը, ինչպես նաև կցուցադրվի 4 լիամետրաժ կինոնկար:

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի նոր և կարևորագույն նախաձեռնություններից մեկն արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է: Այդ նախագծերն են Սերժ Ավետիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի և Իլյա Յուդովիչի և Վալենտին Լապինի Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքները:

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի պրեմիերայով: Երևանյան ցուցադրումներից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]