Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Գյումրու օր»-ը նշանավորվեց տարբեր պարգևների հանձնման արարողությամբ

«Գյումրու օր»-ը նշանավորվեց տարբեր պարգևների հանձնման արարողությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում, հոկտեմբերի 25-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ տոնական համերգ: Միջոցառման բացման պատիվը Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանինն  էր, ով իր օրհությամբ ու Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը: 

«Այսօր մեր քաղաքի տոնն է, և մենք ուրախ ենք, որ մեր քաղաքը տոնական տրամադրության մեջ է և մենք գյումրեցի ենք: Երբ ապրում ես Գյումրիում` իբրև գյումրեցի, շատ հաճախ Գյումրին ծանր է թվում և, կարծես, մտածում ես՝ դուրս գալ: Ես դա իմ անձնական փորձառությունից գիտեմ: Հետո, աշխարհ տեսնելուց հետո, հասկացանք, որ Գյումրիից քաղցր բան չկա: Մի երազանք ունեմ, որ բոլոր գյումրեցիները հավաքվեն իրենց ծննդավայրում, շենացնեն այն: Չկա մի գյումրեցի, որ իր ծննդավայրը չի սիրում: Ոչ մեկս չէինք լինի այն, ինչ կանք` առանց Գյումրիի: Ամեն մեկիս մեջ Գյումրին իր հետքը թողել է. ուրեմն, յուրաքանչյուրս պարտք ունենք այս քաղաքի նկատմամբ: Տոնն առիթ պետք է լինի այդ պարտականությունը հասկանալու»,- իր խոսքում նշեց գերաշնորհ հայրը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան հայտնի գյումրեցի արվեստագետներ ու հյուրեր: Հնչեցին Գյումրուն նվիրված բազում շնորավորանքներ: Օրը նաև նշանավորվեց տարբեր բնագավառներում ունեցած ավանդի համար տարբեր պարգևների ու մեդալների հանձնման արարողությամբ: Այս տարի, Գյումրու ավագանու որոշմամբ, Չինաստանում կայացած Պատանեկան օլիմպիական խաղերում բարձր արդյունքների հասած և մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հակոբ Մկրտչյանը, Վաղինակ Թադևոսյանը և նրանց մարզիչները արժանացան դրամական պարգևների: Գյումրու քաղաքապետի որոշմամբ` Գյումրու քաղաքապետի «Ոսկե հուշամեդալ»-ով պարգևատրվեցին բարերար Հովհաննես Օյունջյանը՝ քաղաքում կատարած բազմաթիվ  բարեգործությունների, Արա Գևորգյանը՝ հայ երգարվեստին անմնացորդ նվիրվածության, Գևորգ Ալեքսանյանը՝ Գյումրի համայնքում սպորտի զարգացմանն անուրանալի նվիրվածության համար: Նույն օրը բժշկագիտության  բնագավառում ունեցած հսկայական ավանդի համար Կառլեն Ադամյանին, ՀՀ սպորտի զարգացման գործում ակնառու ներդրումների, բարձրակարգ մարզիկներ պատրաստելու համար՝ Լևոն Ջուլֆալակյանին և հայկական երգարվեստում ունեցած հաջողությունների և ձեռքբերումների համար` Ալիկ Գյունաշյանին, շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Գյումրու ավագանու մեկ այլ որոշմամբ՝ 2014 թվականին կայացած աշխարհի առաջնությունում ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արսեն Ջուլֆալակյանին, որպես նվիրատվություն, հատկացվեց հողամաս, իսկ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն  Արթուր Ալեքսանյանին՝ հայրենիքնին մատուցած ծառայությունների համար, ավագանու որոշմամբ, նվիրվեց մեքենա: Մարզիկին «Հոնդա» մակնիշի մեքենայի բանալիները հանձնեց Գյումրու քաղքապետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]