Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրին հերթական անգամ նշեց քաղաքի օրը

Գյումրին հերթական անգամ նշեց քաղաքի օրը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրին այսօր 12-րդ անգամ նշեց քաղաքի օրը: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին 11:00-ից և կշարունակվեն մինչև ուշ երեկո: Օրվան նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումու Սպանդարյան փողոցից, որը հիմնանորոգումից հետո վերաբացվեց: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև Գյումրի այցելած հյուրերն այնուհետև ոտքով շարժվեցին դեպի «Վարդանանց» հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ռետրո մեքենաների ցուցադրում: Ներկայացված մեքենաների թվում էին Տիգրան Պետրոսյանի և Մարտիրոս Սարյանի առաջին մեքենաները: Ցուցադրության  բոլոր մասնակիցները Գյումրու քաղաքապետարանի կողմից ստացան շնորհակալագրեր:

Միջոցառումների շրջանակներում Գյումրու Երանուհի և  Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Հրանտ Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցադրությունը:

Արդեն երկրորդ տարին է, որ «Գյումրու օր» տոնակատարության ընթացքում անցկացվում են նաև փառատոններ, որոնք ավանդական դառնալու բոլոր նախապայմաններն ունեն: Գյումրին առանց արհեստավոր գյումրեցու պատկերացնել անհնար է: Ռիժկովի ճեմափողոցում անցկացվեց «Արհեստների և արվեստի  փառատոն», որին ներկայացված արհեստագործական աշխատանքերը ևս մեկ անգամ էին փաստում արհեստների ավանդապահ քաղաքի գոյության մասին: Տարին շիրազյան է ու  «Հավերժի ճամփորդ»-ին նվիրված հանրապետական միջոցառումների մեկնարկը տրվել էր Գյումրիում, սակայն այս օրը գյումրեցին չէր կարող չարժանավորել նոր միջոցառումով՝ Հովհաննես Շիրազի անվամբ անվանակոչելով այն փողոցը, որտեղ գտնվում է Շիրազի տուն-թանգարանը: Սա Շիրազին  նվիրված միակ անակնկալը չէր.  Շիրազի տուն-թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծի անտիպ՝ «Թոնդրակեցիներ» գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակցությամբ՝ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին:

 Գյումրիում արդեն երկրոդ տարին է` անցկացվում է «Հացի փառատոն»: Փառատոնին իրենց հացն ու հայկական ավանդական լավաշը ներկայացրել էին մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները:  Իրենց համեղ հյուրասիրությամբ ներկայացել էին նաև մարզում բնակվող ազգային փոքրամասնությունները:

Նույն օրը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ տոնական համերգ, Եղիշե Չարենցի փողոցում բացվեց մանկական խաղահրապարակ: Ավելի ուշ Գյումրու կենտրոնական հրապարակում վերանորոգումից հետո կբացվեն շատրվանները, տեղի կունենա տոնական հրավառություն:

Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքի տարբեր հատվածներում, երաժշտական, արվեստի դպրոցներում, թանգարաններում:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]