Գյումրին հերթական անգամ նշեց քաղաքի օրը
ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրին այսօր 12-րդ անգամ նշեց քաղաքի օրը: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին 11:00-ից և կշարունակվեն մինչև ուշ երեկո: Օրվան նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումու Սպանդարյան փողոցից, որը հիմնանորոգումից հետո վերաբացվեց: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև Գյումրի այցելած հյուրերն այնուհետև ոտքով շարժվեցին դեպի «Վարդանանց» հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ռետրո մեքենաների ցուցադրում: Ներկայացված մեքենաների թվում էին Տիգրան Պետրոսյանի և Մարտիրոս Սարյանի առաջին մեքենաները: Ցուցադրության բոլոր մասնակիցները Գյումրու քաղաքապետարանի կողմից ստացան շնորհակալագրեր:
Միջոցառումների շրջանակներում Գյումրու Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Հրանտ Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցադրությունը:
Արդեն երկրորդ տարին է, որ «Գյումրու օր» տոնակատարության ընթացքում անցկացվում են նաև փառատոններ, որոնք ավանդական դառնալու բոլոր նախապայմաններն ունեն: Գյումրին առանց արհեստավոր գյումրեցու պատկերացնել անհնար է: Ռիժկովի ճեմափողոցում անցկացվեց «Արհեստների և արվեստի փառատոն», որին ներկայացված արհեստագործական աշխատանքերը ևս մեկ անգամ էին փաստում արհեստների ավանդապահ քաղաքի գոյության մասին: Տարին շիրազյան է ու «Հավերժի ճամփորդ»-ին նվիրված հանրապետական միջոցառումների մեկնարկը տրվել էր Գյումրիում, սակայն այս օրը գյումրեցին չէր կարող չարժանավորել նոր միջոցառումով՝ Հովհաննես Շիրազի անվամբ անվանակոչելով այն փողոցը, որտեղ գտնվում է Շիրազի տուն-թանգարանը: Սա Շիրազին նվիրված միակ անակնկալը չէր. Շիրազի տուն-թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծի անտիպ՝ «Թոնդրակեցիներ» գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակցությամբ՝ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին:
Գյումրիում արդեն երկրոդ տարին է` անցկացվում է «Հացի փառատոն»: Փառատոնին իրենց հացն ու հայկական ավանդական լավաշը ներկայացրել էին մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները: Իրենց համեղ հյուրասիրությամբ ներկայացել էին նաև մարզում բնակվող ազգային փոքրամասնությունները:
Նույն օրը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ տոնական համերգ, Եղիշե Չարենցի փողոցում բացվեց մանկական խաղահրապարակ: Ավելի ուշ Գյումրու կենտրոնական հրապարակում վերանորոգումից հետո կբացվեն շատրվանները, տեղի կունենա տոնական հրավառություն:
Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքի տարբեր հատվածներում, երաժշտական, արվեստի դպրոցներում, թանգարաններում:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում