Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումները պետք է դադարեցվեն. Եվրոհանձնակատար

Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումները 
  պետք է դադարեցվեն. Եվրոհանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պետք է դադարեցվեն իրավապաշտպանների հետապնդումները: Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքներով հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

«Այս այցի անհրաժեշտությունը բացատրվել էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունից Բաքվում իմ գրասենյակի գործնականում բոլոր գործընկերների ձերբակալությամբ, ինչը փաստորեն անհնարին է դարձնում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը», -ասվում է հայտարարության մեջ:

«Այդ ճնշիչ միջոցները միանգամայն հակասում են այն հանձնարարականներին, որոնք արվել են իմ անցյալ տարվա զեկույցում», -նշել է նա:

Այդ առնչությամբ անհանգստություն արտահայտվել էր նաեւ ավելի վաղ, եւ նշվել էր, որ օրենսդրական փոփոխություներն Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպություններին ստիպում են աշխատել մեծ ռիսկով:

«Օրենսդրությունը պետք է անհնարին չդարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը: Դա վերաբերում է նաեւ նրանց, ով դրամաշնորհներ է ստացել` չգրանցելով  դրանք: Նրանց չի կարելի պատժել դրա համար», -նշել է Մուժնիեկսը:

Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ Բաքվում ունեցած հանդիպումների ժամանակ Հանձնակատարը բարձրացրել է ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Մամեդովի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը:

Մուժնիեկսի մամուլի տեղեկագրում եւս մեկ անհանգստացնող գործ նշվել է ադրբեջանցի հայտնի իրավաբան Ինթիգամ Ալիեւի դատավարությունը, ում գործը առաջնային կարգով քննվելու է ՄԻԵԴ-ում:

Բոլոր այդ հարցերը Հանձնակատարը բարձրացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւի եւ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի հետ հանդիպումների ժամանակ:

Բաքու կատարած այցի ընթացքում Մուժնիեկսը այցելել է նաեւ Քյուրդախանիի քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է մտացածին մեղադրանքներով կալանավորված իրավապաշտպաններ Անար Մամեդլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի հետ:

Բացի այդ, Հանձնակատարը հանդիպումներ է անցկացրել ձերբակալվածների ընտանիքների անդամների, փաստաբանների եւ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]