Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Էկո թեքնոլոջի» ընկերությունը հաղթեց «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների առաջին ազգային մրցույթում»

«Էկո թեքնոլոջի» ընկերությունը հաղթեց «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես 
գաղափարների առաջին ազգային մրցույթում»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էկո թեքնոլոջի» ընկերությունը արժանավավ «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների առաջին ազգային մրցույթի» ազգային հաղթողի գլխավոր մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ մրցանակակիրների անունները հայտնի դարձան հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած մրցանակների հանձման արարողությանը:

«Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների առաջին ազգային մրցույթի»  ազգային մրցանակակիր ճանաչված «Էկո թեքնոլոջի» ընկերությունը նոյեմբերին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում կայանալիք ամենամյա Գլոբալ բիզնես ֆորումին և հնարավորություն կունենա ներկայացնել իր նախագիծը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին, մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին: Ընկերությունը զբաղվում է նոր սերնդի անվնաս նյութի արտադրմամբ, որն ունի խոնավությունը կլանելու և պահպանելու եզակի հնարավորություն: Այդ պատրաստուկի մեկ գրամը կարող է կլանել և պահել սեփական քաշից 300-350 անգամ ավելի ջուր:

«Անկեղծ, հուզված եմ մրցանակին արժանանալու համար, քանի որ շատ երկար ժամանակ աշխատել ենք այս գաղափարի իրականացման վրա: Մեր նյութի առավելությունը չի սահմանափակվում միայն խոնավության և սննդարար տարրերի կուտակմամբ: Այն նաև խնայում է ոռոգման ջրի 50-60%-ը, նվազեցնում պարարտանյութերի կիրառումը 40%-ով, բարելավում հողի կառուցվացքը և ավելացնում բերքահավաքը, այնուհետև` անվնաս քայքայվում է հողի մեջ», - ասաց «Էկո թեքնոլոջի» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը:

Առաջին անգամ մեկնարկած մրցույթի եզրափակիչ փուլ անցած  24 բիզնես ծրագրերի հաղթողներ, բացի «Էկո թեքնոլոջի» ընկերությունից, հայտարարվեցին «Ամ-Էսկա», «Նանո հայ» և «Սոլար սիսթեմս» ընկերությունները, որոնց շնորհվեց 10 հազարական ԱՄՆ դոլար` իրենց տեխնոլոգիաների նախատիպերը մշակելու համար:

«Հաղթողների ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ մրցույթին ներկայացված էին բազում որակյան ծրագրեր և, հնարավորության դեպքում, մենք ավելի շատ մրցանակներ կհանձնեինք, սակայն հնարավորություն ունեինք ընտրելու միայն չորս մրցանակակիր նախագիծ», - ասաց ՄԱԱԶԿ-ի էներգետիկայի և կլիմայի փոփոխության վաչության ծրագրերի ղեկավար Մարկ Դրայեկը::

Ծրագրին ներկայացված 64 բիզնես գաղափարներից ընտրվել էին 24-ը, որոնց հեղինակները անցած 6 ամսում մասնակցեցին դասընթացների, ինչը թույլ տվեց ավելի կատարելագործել բիզնես նախագծերը: Մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկին կազմակերպիչները հայտարարել էին, որ հաղթող է ճանաչվելու միայն 4 նախագիծ, սակայն 2 հավելյալ մրցանակի և 5 հազարական ԱՄՆ դոլարի  արժանացան «Բիթլիս-Մեն» ընկերությունը և «Վերականգնվող էներգիայի հետազոտական թիմը»:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեր ծրագրին մասնակից մյուս ընկերությունների հետ շարունակել համագործակցությունը: Առաջին հերթին հաջորդ տարի իրենք հնարավորություն ունեն իրենց ծրագրերի փոփոխված տարբերակները կրկին ներկայացնել մրցույթին և օգտվել մեր այլ ռեսուրսներից` խորհրդատվական ծառայություններից, տարբեր լաբորատորիաներից օգտվելու հնարավորությունից», - ասաց ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը:

Հայաստանը արևելյան երկրներից առաջինն էր, ով 2013 թ. միացավ ՄԱԿ-ի ՄԱԱԶԿ կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրին, որը նաև իրականացվում է Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալայզիայում և Թաիլանդում: Ծրագրի տևողությունը 3 տարի է, և այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]