Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է

Աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դստրեր լուսանկարների ցուցահանդեսի և տեսաֆիլմի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման խնդրին:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խնդիր է ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև հասարակության համար:  «Այստեղ առկա է սոցիալական, հոգեբանական, մտածելակերպի, ինչպես նաև աշխարհայացքի խնդիր, որի լուծումը պետք է լինի առողջապահության համակարգի և հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ: Ֆլեշմոբի մասնակիցները ևս մեկ անգամ փորձեցին հանրությանը ցույց տալ, որ աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է, և այս փաստը պետք է բոլորն ընդունեն»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նոր փաթեթ, որը օրենսդրորեն կամրագրի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայում օրենսդրության մեջ արտացոլված չէ։  Նախարարության նպատակն է  հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ այնպիսի կարգավորումների և մեխանիզմների մշակելը, որոնք մոր առողջության համար ռիսկեր չեն ավելացնի։ Առաջնային կլինի նորածնի սեռի նախապատվության առումով կնոջ, ընտանիքի, հասարակության վարքագծի վրա ազդող մեխանիզմների մշակումը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր հերթին նշեց, որ ֆլեշմոբ անցկացնելու գաղափարը առաջացել է ինքնաբուխ: Նա շնորհակալություն հայտնեց ֆլեշմոբի հեղինակին` Արամազդ Ղալամքարյանին, ով ֆեյսբուքյան էջում առաջինը դրեց իր դստեր նկարը` ներկայացնելով խնդրի վերաբերյալ իր անձնականը տեսակետը: 

«Այս ֆլեշմոբը ցույց տվեց, որ իրականում տվյալ խնդրի մասին խոսելու հասարակական պահանջ կա: Եվ այն, կարելի է ասել, միակ հարթակն էր, որտեղ հայրերը հպարտությամբ էին տեղադրում իրենց աղջիկների լուսանկարները»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Իսկ դու ունե՞ս աղջիկ» էջը  չորս օրում 120 հազար դիտում է ունեցել, ինչը, ՏՏ ոլորտի մասնագետների գնահատմամբ, բարձր ցուցանիշ է: Ֆեյսբուքյան էջում, ընդհանուր առմամբ, տեղադրվել է չորս հազարից ավելի նկար: Նախաձեռնութան նպատակն էր փոխել հանրային կարծիքը և վարքագիծը սելեկտիվ աբորտների վերաբերյալ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն աղջիկ լինելու պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]