Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեյլա Յունուսը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

Լեյլա Յունուսը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կին-իրավապաշտպանների միջազգային կոալիցիան Լեյլա Յունուսի թեկնածությունը ներկայացրել է 2015 թվականի համար խաղաղության Նոբելյան մրցանակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ առնչությամբ կոալիցիայի մամուլի տեղեկագրում ասվում է, որ Լեյլա Յունուսը հանդիսանում է Ադրբեջանի առավել ակտիվ իրավապաշտպաններից մեկը, ով մասնակցում է խաղաղարար ծրագրերին, պաշտպանում է քաղաքացիների սեփականության, ինչպես նաեւ քաղաքական բանտարկյալների իրավունքները:

«Այդ բոլորի համար նա մեծ գին է վճարում. նա կալանավորվել է հուլիսին, իսկ մի քանի օր հետո կալանավորվել է նաեւ նրա ամուսինը: Կալանավայրում նա ենթարկվում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի: Լեյլա Յունուսը ծանր հիվանդ է, իսկ նրան զրկում են անհրաժեշտ բուժումից», -նշված է դիմումում:

«Ռուտգերս» համալսարանի գենդերային խնդիրների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Շառլոտ Բանչը նշել է, որ հենց Լեյլա Յունուսի խիզախությունն է նրան բացառիկ դարձնում: «Չնայած կալանավայրում գտնվելու պայմաններին, նա մնում է հաստատակամ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցում», -ասել է նա:

Շ.Բանչը հավելել է, որ Լեյլա Յունուսի թեկնածությունը Նոբելյան մրցանակի ներկայացնելը մեծ պատիվ է եւ վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է նրա գործին:

Կին-իրավապաշտպանների միջազգային կոալիցիայի մամուլի տեղեկագրում ասվում է, որ այդ անվանակարգումը նաեւ ցուցադրում է այլախոհությունը սահմանափակելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների վնասակար ռազմավարությունը: Կին-իրավապաշտպանների կոալիցիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Լեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն:

Կոալիցիան նաեւ դիմում է Ֆրանսիայի նախագահին` Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ կոչ անել ազատ արձակել Յունուս ամուսիններին:

Հայտնի է դարձել, որ ադրբեջանական դատարանն այսօր Լեյլա Յունուսի ձերբակալության ժամկետը եւս 4 ամսով երկարաձգելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնել է Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը` նշելով, որ դատարանը որոշել է Լեյլա Յունուսի ձերբակալության ժամկետը երկարաձգել մինչեւ 2015 թվականի փետրվարի 28-ը:

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am