Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում միկրոբիզնեսները խոշորանալու և արտահանում իրականացնելու հնարավորություն կստանան

Հայաստանում միկրոբիզնեսները խոշորանալու և արտահանում իրականացնելու 
հնարավորություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մասնագետների հետազոտությունները վկայում են, որ 2010 թ. ՀՆԱ-ում ՓՄՁ-ները կազմել են 27,2 տոկոս, 2011թ.՝ 25,9 տոկոս, իսկ 2012 թ.՝ 27,1 տոկոս: Այս ամենով հանդերձ, ոլորտում քիչ չեն խնդիրները։ Այդ խնդիրների հաղթահարման և ՓՄՁ-ների աջակցման նպատակով Հայաստանում ավելի քան 10 տարի գործում է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, որի միջոցով բիզնեսները ստանում են ֆինանսական և խորհրդատվական աջակցություն։ «Արմենպրես»-ը զրուցել է կենտրոնի նորանշանակ տնօրեն Գեղամ Պետրոսյանի հետ և տեղեկացել, թե ինչպիսի նոր ծրագրեր են իրականացվում ՓՄՁ-ների զարգացման նպատակով:


- Պարո՛ն Պետրոսյան, նոր ստաձնելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ղեկավարի պաշտոնը՝ ինչպիսի՞ խնդիրներ եք մատնանշել այստեղ և զարգացման ինչպիսի՞ ուղղություն է բռնելու կառույցը։

- Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը շարունակաբար կընդլայնի աջակցության ծավալները Հայաստանի ՓՄՁ-ներում, որպեսզի դրանք գնալով մեծացնեն իրենց դերակատարությունը երկրի համախառնի ներքին արդյունքի, աշխատատեղերի ստեղծման և սոցիալ-տնտեսկան զարգացման գործում։ Բնականաբար մենք շարունակում ենք այն բոլոր ծրագերերը, որոնք տարիներ շարունակ իրականացվել են Հայաստանում։ Փորձելու ենք նաև ներդնել նոր ծրագրային ուղղություններ, որոնք կնպաստեն մեր նպատակների իրականացմանը։ Գաղտնիք չէ, որ ՓՄՁ-ները մեր երկրի տնտեսության բոլոր ճյուղերում ունեն մասնակցություն, մի մասում էական մասնակցություն՝ կախված ոլորտային առանձնահատկություններից, մյուսներում՝ ավելի քիչ։ Մենք փոքր բիզնեսներին աջակցում ենք երկու դեպքում էլ:

- Կենտրոնը աջակցություն է ցուցաբերում ինչպես գործող, այնպես էլ նորաստեղծ բիզնեսներին։ Մե՞ծ է նրանց թիվը և ինչպիսի՞ աջակցություն են ստացել այդ բիզնեսները:

- Այս տարվա ինն ամսիների ընթացքում մենք աջակցել ենք շուրջ 200 նորաստեղծ ձեռնարկություների։ Կան բիզնեսների վերագործարկման դեպքեր, երբ տնտեսվարողը գրանցված է եղել, սակայն չի գործել։ Մասնակցելով գործարարների աջակցության ծրագրերին՝ նրանք սկսում են գործունեությունը և ստանում արտոնյալ վարակային միջոցներ։ Հայաստանում միակ կառույցը, որ օգնում է սկսնակներին վարկ ստանալու հարցում, մենք ենք։ Արդյունքում այս ծրագրի միջոցով ստեղծվել է 300 աշատատեղ հանրապետության մարզերում և Երևանում, որոնց թիվը դեռ կավելանա մինչև տարվա վերջ։ Նորաստեղծ բիզնեսների մոտ 80 տոկոսը գործում է մարզերում։ Նախկինում նրանց կշիռն ավելի մեծ էր, սակայն տոկոսը փոփոխվել է սիրիահայերին ուղղված աջակցության ծրագրերի արդյունքում, քանի որ սիրիահայերի հիմնական մասը նախընտրել է բիզնես սկսել Երևանում:

- Իսկ ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվում գերփոքր բիզնեսներին:

- ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագերեր է նախատեսում միկրոբիզնեսների համար, որոնք նաև սոցիալական բովանդակություն ունեն։ Դրանք հիմնականում չեն կարողանում մեր երկրի զարգացման վրա ունենալ էական ազդեցություն։ Մենք կաջակցենք գերփոքր ձեռնարկություններին՝ դառնալու փոքր և միջին, որպեսզի դրանք կարողանան լուրջ ներդրում ունենալ ավելացրած արժեք ստեղծելու և արտահանման ուղղությունը զարգացնելու գործում։ Այսինքն, մենք պետք է աջակցենք՝ ձևավորելու ռեսուրսներ այդ ձեռնարկությունների արտադրական և ֆինանսական միջոցները ապահովելու համար, որպեզի դրանք հնարավորություն ունենան արտահանում իրականացնել։ Սա համարում ենք կենտրոնի ամենակարևոր ուղղություններից մեկը:

- Այսինքն` ծրագիրը նպաստելու է նրանց խոշորոցմա՞նն ու կայանացմա՞նը:

- Այո՛, նրանք կկայանան, իսկ խոշորանալը հարաբերական է։ Այդ բիզնեսները շատ պետք է խոշորանան, որ համարվեն խոշոր, սակայն գերփոքրից փոքր և միջին բիզնեսի վերածվելը իրատեսական է։ Որոշակի խոշորացումը նրանց  հնարավորություն կտա նաև արտահանում իրականացնել։ Դրան կնպաստի նաև Եվրասիական տնտեսական մությանը մեր ինտեգրումը:

- Փոքր արտադրություն իրականացնող ՓՄՁ-ների համար բարդ գործընթաց է նոր շուկաներում ինտեգրվելը և սեփական բերնդով հանդես գալը։ Ի՞նչ մեխանիզմներով կարելի է նրանց աջակցել, և ինչպե՞ս է ընթանալու նրանց բերնդի ձևավորումը:

- Մենք աշխատանքներ ենք իրականացնում երկու ուղղությամբ։ Առաջին դեպքում, երբ արդեն կա արտահանողը և նա չի կարողնանում բավարար ծավալով արտահանում իրականացնել, ապա բիզնեսը կարող է համապատասխան չափանիշներ սահմանել, գնել գերփոքր բիզնեսների արտադրանքը և իր բրենդի ներքո արտահանել։ Դա, այսպես ասած, մեծի համագործակցությունն է փոքրի հետ, որտեղ մենք ունենք իրականացվելիք շատ աշխատանքներ և փորձելու ենք վեր հանել համագործակցության նման ձևեր։ Հաջորդ դեպքում բիզնեսները կարող են սեփական արտադրանքը սեփական բրենդով փորձել արտահանել՝ թիրախավորելով որևէ քաղաք կամ շրջան։ Այսինքն` նրանք կբավարարեն փոքր պահանջարկ և կունենան մշտական պատվերներ։ Կարծում եմ՝ երկու տարբերակներն էլ իրատեսական են, սակայն ոչ հեշտ իրագործելի:

- ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցման ծրագրերում ներառված է նաև գյուղատնտեսությունը։ Ի՞նչ արդյունքներ կան այս ոլորտում:

- Գյուղատնտեսության աջակցման նպատակով 2013-2014 թվականներին ներկրվել է 288 տրակտոր և 145 միավոր առաքող տեխնիկա, որոնք շուկայականից անհամեմատ ավելի մատչելի պայմաններով տարամադրվել են հողօգտագործողներին։ Շուտով կներկրվի նաև չորս հացահատիկային կոմբայն և լիզինգով կտրամադրվի համայնքներին։ Արդյունքում, կարող ենք ասել, որ մեր գյուղատնտեսության ոլորտը մեկ տարում համալրվել է շուրջ 2 մլրդ դրամի գյուղտեխնիկայով, որը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում գյուղմթերքի ծավալների աճի համար։ Լիզինգի պայմանները գյուղատնտեսության դեպքում այսպիսին է՝ 9 տոկոս տոկոսադրույք, որի մեջ ներառվում է նաև ապահովագրավճարը, 6 տարի ժամկետայնություն և 20 տոկոս կանխավճար։ Կոմբայննների դեպքում լիզինգը տրվում է 10 տարի ժամկետով, քանի որ դրանք ավելի բարձրաժեք են:

- Պարո՛ն Պետրոսյան, գործի բերումով հաճախակի եք շփվում տեղի գործարարների հետ։ Կարող ե՞ք նշել` որ բիզնեսներն են ավելի «մոդայիկ» հայ գործարարների շրջանում։ Առաջարկո՞ւմ են նրանք արդյոք նոր գաղափարներ:

- Մեր բիզնեսների նախընտրությունները բխում են տնտեսության մրցակցային առավելություններից, այսինքն` ամեն ինչ համահունչ է։ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում, օրինակ, սննդի և գյուղմթերքների վերամշակման գործունեություն իրականացնողներին, կամ, ասենք, չրագործության և պանրի արտադրության ոլորտներին, քանի որ դրանք արտահանելի են։ Մեծ պահանջարկ են վայելում նաև հյուրատնային բիզնեսները, քանի որ ներքին և ներգնա տուրիստները գնալով ավելանում են, և այդ ծառայությունների պահանջարկը ևս բարձրանում է։ Հաշվի առնելով այս զարգացումները՝ մենք Տաթևում նախաձեռնել ենք սկսնակների աջակցության մի նոր ծրագիր, որով խորհրդատվություն է տրամադրվում հյուրատնային բիզնեսներին, քանի որ այդ շրջանում շատ են զբոսաշրջիկները։ Ծառայություների ոլորտը ևս ընդունված է միկրոձեռնարկությունների շրջանում՝ գեղեցկության սրահներ, արագ սննդի կետեր և այլն:

-Իսկ որտե՞ղ են հիմնական ձախողումները։ 

- Շատ հաճախ խնդիրը սկսվում է հենց միջոցների սխալ գնահատումից։ Զուտ արտադրության կազմակերպման տեսանկյունից ռիսկերն ավելի հաղթահարելի են, քանի որ եթե անձը ցանկանում է ինչ-որ տեխնոլոգիական գործընթաց կազմակերպել, ապա մեկ-երկու սխալներից հետո նա հասկանում է` ինչպես վարվել։ Խնդիրը ֆինանսական ռեսուրսների չափն է. հաճախ սկսում են բիզնես` առանց ճիշտ գնահատելու, թե իրենք ինչ ռեսուրսների ունեն և ինչ լրացուցիչ միոցներ են պետք այդ բիզնեսը կազմակերպելու համար։ Հաջորդ ռիսկը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ բիզնեսները հարկային դաշտում ուշադրություն չեն դարձնում իրենց հաշվապահապական հաշվառման ճիշտ կազմակեպմանը և խնդիրներ են ունենում։ Սրանք են այն ստանդարտ ռիսկերը, որի հետևանքով բիզնեսները չեն կարողանում կազմակերպել իրենց գործունեությունը:

- ՓՄՁ-ների կողմից ինչպիսի՞ դժգոհություններ են հնչել՝ կապված հարկային փոփոխությունների հետ, և իրազեկման ինչպիսի՞ ծրագերեր եք դուք իրականացրել:

- Դժգոհությունները վերաբերում են հիմնականում գույքագրման պահանջին, սակայն Կառավարությունն ընդառաջեց, և գույքագրման պահանջը հետաձգվեց մինչ հաջորդ տարվա փետրվար։ Սակայն, այստեղ խնդիրը երկու կողմ ունի. մի կողմից բողոքողները իրականում չեն ուզում, որ իրենց իրական շրջանառությունը երևա, որովհետև եթե գույքագրում արվի, ապա դա ակնհայտ կդառնա։ Մյուս կողմից նրանք նշում են, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջներն իրենց համար կառաջացնեն լրացուցիչ դժվարություններ։ Կարծում եմ, որ սա ստվերային դաշտից տնտեսվարողներին դուրս բերելու մեխանիզմ է, որը կարող է և արդյունավետ լինել:

Հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ «Արմենպրես»-ում՝ հոկտեմբերի 28-ին:

Գոհար Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]