Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի կրկեսը հյուրախաղերով հանդես է եկել ԼՂՀ զորամասերում

Երևանի կրկեսը հյուրախաղերով  հանդես է եկել ԼՂՀ զորամասերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կրկեսի կոլեկտիվը վերադարձել է Արցախից, ուր հյուրախաղերի էր մեկնել և 10 օր շարունակ իր յուրօրինակ ելույթներով ուրախացրել հայրենիքի պաշտպաններին՝ ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներին: Սկսած 1999 թվականից` Երևանի կրկեսի ստեղծագործական կոլեկտիվը յուրաքանչյուր տարի համերգային ելույթներ է կազմակերպում Արցախի տարբեր զորամասերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունից, այս տարվա հյուրախաղերի ծրագրում երեք նոր համար է ընդգրկված եղել: Առաջնագծում ծառայող մեր զինվորականները մեծ հիացմունքով և բուռն ծափահարություններով են ընդունել կրկեսի երիտասարդ արտիստ Համլետ Օհանյանին և նրա ցուցադրած գլխարկներով ձեռնածության համարը. այն նույն համարը, որի կատարմամբ ժամանակին իր ասպարեզում փառքի ու մեծ ճանաչման է արժանացել այժմ Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը: Նաև այդ առումով պարտավորեցնող համարն անթերի կատարելու համար 17-ամյա Համլետը 6 տարի շարունակ հղկել ու կատարելագործել է իր կատարողական տեխնիկան: Դատելով հանդիսատեսների հիացական արձագանքից` Համլետի առաջին ելույթը՝ Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի երաժշտության ներքո, իսկապես անթերի է ստացվել: Ոչ պակաս հիացմունքով է հանդիսատեսն ընդունել մյուս երկու նոր համարները. Արսեն Կիրակոսյան և Արման Գաբրիելյան դուետի ցուցադրած գնդակներով կոմիկական ձեռնածությունը, ինչպես նաև Անի Գասպարյանի «Անտիպոդ» ակրոբատիկ համարը:

Այս անգամ կրկեսային ծրագրում ևս մեկ նորամուծություն է տեղ գտել. դերասանները զինվորներին առաջարկել են իրենց ինչ-որ հետաքրքիր համար ցուցադրել: Պարտադիր չէր՝ կրկեսային հնարքներ, կարելի էր նաև երգել, պարել կամ մարմնամարզական ակրոբատիկայի տարրեր ներկայացնել: Զինվորներն անարձագանք չեն թողել առաջարկությունը, իսկ հաղթողին որոշել են հենց իրենք՝ զինծառայողները, ում ելույթն ամենից բարձր և բուռն ծափահարությունների է արժանացել, նա էլ հաղթող է ճանաչվել: Իսկ հաղթողի մրցանակն արտահերթ արձակուրդն է, որի վերաբերյալ կրկեսային թատերախումբը գլխավորող Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը նախօրոք պայմանավորվել էր ԼՂՀ բարձրագույն զինվորական ղեկավարության հետ:

Երևանի կրկեսը հյուրախաղային ծրագրով մտադիր է առաջիկայում մեկնել Լոռու մարզի քաղաքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]