Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվում է Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Ավարտվում է Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը հատում է եզրագիծը: ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող երաժշտական տոնը կավարտվի հոկտեմբերի 24-ին:  Փառատոնային եզրափակիչ համերգին կմասնակցեն ճանաչված մենակատարներ՝ դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և կիթառահար Ֆաբիո Զանոնը (Բրազիլիա): Բացի այդ, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում կներկայացվի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Երաժշտության կադր» խորագրով ցուցահանդեսը:

Դաշնակահար Սիմոն Տրպչեսկին համերգին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում:

«Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան: Նախորդ անգամ, երբ այստեղ էի, մշակույթի նախարարն ասաց, որ, հավանաբար, հայկական արմատներ ունեմ: Շնորհակալ եմ Ֆիլհարմոնիկին և մաեստրո Թոփչյանին հրավերի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սիմոն Տրպչեսկին:

Դաշնակահարի խոսքով՝ Հայաստանը և Մակեդոնիան երկու փոքր երկրներ են, որոնք ունեցել են նման պատմություն: «Այն տպավորություններն ու զգացողությունները, որ ստացել եմ երկու տարի առաջ, հիասքանչ էին: Մեծ հաճույքով եկել եմ երկրորդ անգամ, այս անգամ Բրամսի կոնցերտն եմ ձեզ ներկայացնելու, այն շատ լուրջ գործ է»,- հավելեց նա:

Սիմոն Տրպչեսկին հայ կոմպոզիտորներից  ճանաչում է Խաչատրյանին, Բաբաջանյանին, Կոմիտասին: Փաստում է, որ հաճախ չի կատարում Խաչատրյանի գործերից:  «Ավելի շատ բան կցանկանայի իմանալ ձեր երաժշտության մասին»,- նշեց նա:

Կիթառահար Ֆաբիո Զանոնն էլ հավելեց, որ չգիտի, թե հայ կոմպոզիտորները կիթառի համար գործ գրե՞լ են, թե՞ ոչ: «Կցանկանայի իմանալ այդ մասին, սակայն երբեք չեմ առնչվել»,- նկատեց նա:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառել է 9 համերգ: Նվագախմբի հետ հանդես են եկել Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր, Ֆրանսիա), Բորիս Բրովցինը, (ջութակ, Մեծ Բրիտանիա), Դիմուտ Պոպենը (ալտ, Գերմանիա), Էշլի Վոսը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա),  Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Մելնիկովը (դաշնամուր, Գերմանիա/Ռուսաստան), Սերգեյ Կրիլովը (ջութակ, Ռուսաստան), Ֆաբիո Զանոնը, (կիթառ, Բրազիլիա), Սիմոն Տրպչեսկին (դաշնամուր, Մակեդոնիա), Կիրիլ Գերշտեյնը (դաշնամուր, ԱՄՆ/Ռուսաստան) և ուրիշներ: Կամերային համերգների շրջանակներում հանդես են եկել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Յանա Դարյանը (ալտ) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս): Այս տարի հայ երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասեր են անցկացրել Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը, Դիմուտ Պոպենը և Սիմոն Տրպչեսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]