Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերականգնել անիմացիայի ավանդույթները և համաշխարհային ասպարեզում ներկայացնել մեր ձեռքբերումները

Վերականգնել անիմացիայի ավանդույթները և համաշխարհային ասպարեզում 
ներկայացնել մեր ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Արդեն սիրելի դարձած տոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 25-31-ը: Վեցերորդ «ՌեԱնիմանիա»-ն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 25-ին՝ կարմիր գորգի վրայով քայլերթով և Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց-սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը փառատոնի մեկնարկին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ փառատոնը հիմնվել է դեռևս 2009 թվականին և այս տարիներին բավական լուրջ դերկատարություն է ունեցել:

«Առաջին անգամ, երբ այն ներկայացվեց մշակույթի նախարարության քննարկմանը, ես հասկացա, որ ինձ միանգամից հետաքրքրեց փառատոնի անունը: Կազմակերպիչները նշեցին, որ փառատոնի գաղափարախոսությունն է վերականգնել անիմացիայի ավանդույթները և համաշխարհային ասպարեզում ներկայացնել մեր ձեռքբերումները: «ՌեԱնիմանիա»-ն ամենաարագ զարգացող, աճող և նպատակաուղղված փառատոնն է: Փառատոնը յուրաքանչյուր տարի մի նորամածությունով է հանդես գալիս: Վեցերորդ «ՌեԱնիմանիա»-ն նոր հարթակ է բացել և իրենից ներկայացնում է դեռևս չավարտված կինոնախագծերի և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն ու քննարկում, այսինքն` փառատոնը հավակնում է դառնալ նաև կինոշուկա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ այս տարվա փառատոնը ներառում է նաև վարպետության դասընթացների անցկացում: Այս տարի կանցկացվի երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Մասնավորապես՝ վարպետության դասընթացներով հանդես կգան բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ և դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաև համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա):

«Մեզ համար շատ կարևոր են փառատոնի արդյունքները: Կառավարությունն էլ է հատուկ վերաբերմունք ցուցաբերել «ՌեԱնիմանիա»-ի նկատմամբ և վարչապետի անմիջական աջակցությամբ ևս հինգ միլիոն դրամ է հատկացվել փառատոնին»,-նշեց Պողոսյանը:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին շնորհակալություն հայտնեց վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ աջակցության համար:

«ՌեԱնիմանիա»-ն կարևոր բեմահարթակ է դարձել անիմացիոն ոլորտում, մեր կողմից խոստանում ենք, որ ամեն տարի նորություններ և հաջողություններ կլինեն: Շատերն էին հարցնում, թե փառատոնն ինչ է տալու մեր երկրին, բայց մենք ապացուցեցինք, որ փառատոնը պատրաստում է նոր սերունդ»,-նշեց նա:

Վրեժ Քասունին ընդգծեց, որ «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի նոր և կարևորագույն նախաձեռնություններից մեկն արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է: Այդ նախագծերն են Սերժ Ավետիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի և Իլյա Յուդովիչի և Վալենտին Լապինի Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքները:

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ կազմակերպիչները պահպանել են հինգ մրցութային ծրագրերը՝ «Լիամետրաժ ֆիլմ», «Կարճամետրաժ ֆիլմ», «Ավարտական ֆիլմ», «Երաժշտական ֆիլմ», «Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր»: Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ:

«Միջազգային կինոփառատոնների մասնակցած շատ կինոնկարներ կլինեն: Ծրագրում նաև տարիքային սահմանափակումներ և բաժանումներ են արվել»,-հավելեց Մովսիսյանը:

«Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, խոսելով փառատոնի բացման և փակման արարողություններից, նշեց, որ արարողությունների ընթացքում թատրոնը և անիմացիան կներկայանանան բեմում՝ իրենց թատրոնի դերասանների ուժերով :

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝  Թամար Հայդուկեն (Իտալիա), Առնաբ Չաուդհուրին (Հնդկաստան), Այլին Խաչատուրյանը (Լիբանան), Սիմոն Ֆիլյոն (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչը (Սերբիա), Սերժ Բեսեթը (Ֆրանսիա), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), այլք:

Արտամրցույթային ծրագրերից է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակում տեղի կունենա 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: «Անիմացիայի հսկաները» ծրագրով կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 և հայաստանցի մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրագրերի շրջանակներում կկայանան ռեժիսորների ֆիլմերի «Հետահայաց» ցուցադրություններ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ փառատոնի շրջանակում կներկայացվի ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «Ֆոլիմաժը»: Ծրագրի իրականացման շրջանակում կհյուրընկալվի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, մի շարք ֆիլմերի հեղինակ Սերժ Բեսեթը, ինչպես նաև կցուցադրվի 4 լիամետրաժ կինոնկար:

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի պրեմիերային ցուցադրությամբ:

 Երևանյան ցուցադրություններից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]