1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը դեմ է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու «քառյակի» փաթեթին

Կառավարությունը դեմ է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ 
կատարելու «քառյակի» փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը դեմ է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «ՀՅԴ» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունների պարգամավորներ Միքյալել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ «Շրջանառության հարկի մա­սին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մա­սին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մա­սին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք­ների նախագծերին:

Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատգամավորներն առաջարկում են շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն ՀՀ դրամից բարձ­րաց­նել մինչև 150 մլն, սահմանել, որ մինչև 2016 թվականի հունվարի 1-ն առևտրական (առք ու վաճառքի) գոր­­­ծու­նեու­թյան մասով հարկ վճարողն իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույ­քա­չափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահան­ջից կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով պահ­պանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը:

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը բարձրացնել ոչ միայն առևտ­րական (առք ու վաճառքի) գոր­­­ծու­նեու­թյան մասով, այլ գործունեության բոլոր տեսակ­ների մասով առհասարակ: Ընդ որում, առաջարկվում է շեմը բարձրացնել` անկախ այն հան­գա­մանքից, թե առևտրական (առք ու վաճառքի) գոր­­­ծու­նեու­թյամբ զբաղվող հարկ վճարողը հարկ­ման որ կարգն է ընտրում` հարկի 3.5 տոկոս դրույ­քա­չափ` ազատվելով ձեռք­բե­րում­ները փաս­տա­թղթավորելու օրենսդրական պահան­ջից, թե հարկի 1 տոկոս դրույքաչափ` պար­տա­վոր­վե­լով պահ­պանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահան­ջը:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ առաջարկության ընդունման դեպքում ավելի կխորանա առանց այդ էլ լայնորեն տարածված` արտադրողներից ու ներ­մու­ծող­նե­րից կատարվող ձեռքբերումների դիմաց դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից հրա­ժար­վելու խնդիրը: «Մասնավորապես, եթե ներկայումս այդ խնդիրն առկա է առավե­լա­պես այն հարկ վճարողների մոտ, որոնք մոտ են գտնվում շրջանառության հարկի գործող` 58.35 մլն դրամ շեմին և հաշվարկային փաստաթղթերից հրաժարվում են իրենց հետագա իրա­­ցում­ները նվա­զեցնելու ակնկալիքով, ապա շրջանառության հարկի շեմի բարձրացման պարագայում այդ­պիսի վարքագիծ են սկսելու դրսևորել արդեն նոր` ավելի բարձր շեմին մոտ գտնվող ու մի քա­նի անգամ ավելի խոշոր տնտեսավարող սուբյեկտները: Ընդ որում, այն հան­գա­մանքը, որ առևտրա­կան գոր­­ծու­նեու­թյամբ զբաղվող հարկ վճարողներն այդ­պիսի վար­քա­գիծ ունեն, հաստատվում է նաև նախագծի ընդունման հիմնավորմամբ: Մաս­նավորապես նշվում է, որ որոշ գնահատումներով շրջանառության իրական ծավալները հայտարարագրվող ծա­վալները գերազանցում են 5-6, իսկ երբեմն էլ` 10-12 անգամ, նախագծի ընդունման հիմնավորմամբ արտադրողներից ու ներ­մու­ծող­ներից կատար­­վող ձեռքբերումների դիմաց դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից հրա­ժար­վելու հան­գա­մանքը մեկնաբանվում է այլ տեսանկյունից և նշվում է, որ շրջանառության հարկի շեմի բարձ­­րացման պարագայում ներկայումս շեմին մոտ գտնվող հարկ վճարողները կսկսեն հայ­տա­րարագրել իրենց իրացման շրջանառությունները, ինչի արդյունքում լրա­ցու­ցիչ հարկվող օբյեկտ­ներ կառաջանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, նշյալ եզրահանգումը կատարելիս, սակայն, հաշվի չի առնվել այն կարևոր հանգամանքը, որ շրջանառության հարկի շեմի բարձրացման պարա­գայում ներկա­յում ԱԱՀ վճարող համարվող շուրջ 9400 հարկ վճարողներից շուրջ 7000 հարկ վճարողներ կտե­ղափոխվեն շրջանառության հարկի համակարգ: Հետևաբար, հաշվի առնելով նաև այն հան­գամանքը, որ շրջանառության հարկի համակարգը` որպես իրա­պես փոքր և միջին ձեռ­նար­կատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկ­ման համա­կարգ, ենթադրում է ավելի ցածր հարկային բեռի սահմանում, քան հարկման ընդ­հանուր համակարգում առաջացող հարկային բեռն է, ստացվում է, որ նախագծի ընդու­նումը ոչ թե դրական, այլ խիստ բա­ցա­սա­կան ազդեցություն կունենա պետական բյուջեի հար­կային եկամուտների վրա:

«Մասնա­վորա­պես, մեր կողմից կատարված հաշվարկների համա­ձայն, նախագծի ընդունումը պետական բյուջեի հարկային եկամուտները կկրճատի տարե­կան շուրջ 39 մլրդ դրամով, շրջանառության հարկի շեմը շուրջ 3 անգամ բարձրացնելու պարագայում կտրուկ կընդ­լայնվեն խոշոր տնտեսավարող սուբյեկտների` արհեստականորեն տրոհվելու և շրջա­նա­ռու­թյան հարկի համակարգից անհարկի ձևով օգտվելու հնարավորությունները: Մաս­նա­վո­րա­պես, եթե ներկայումս, օրինակ, տարեկան կտրվածքով 300 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտե­սավարող սուբյեկտի տրոհվելու հնարավորությունները գործնականում շատ սահ­մանա­փակ են, քանի որ օգտվելու համար շրջանառության հարկի համակարգից այդ տնտե­սավարող սուբ­յեկտը պետք է բաժանվի 5-6 տնտեսավարող սուբյեկտների, ապա առա­ջարկության ընդուն­ման պարագայում բավարար կլինի պարզապես այդ տնտե­սա­վա­րող սուբյեկտը 2 առանձին տնտեսավարող սուբյեկտների բաժանելը»,- նկատեց ՀՀ ֆինանսների նախարարը:

Ելնելով պարզաբանումներից, կառավարությունը դեմ է պատգամավորների առաջարկին: Ֆինանսների նախարարը նշեց, որ իրենք շարունակում են աշխատել պատգամավորների հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]