Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պոլիտեխնիկում կրքերը կրկին բորբոքվել են. չարտոնված խուզարկումների մեղադրանքներ են հնչում

Պոլիտեխնիկում կրքերը կրկին բորբոքվել են. չարտոնված խուզարկումների 
մեղադրանքներ են հնչում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Սամսոն  Զատիկյանը հավաստիացնում է, որ իր պահանջները բուհի աշխատակիցներից կարգապահական են, աշխատանքային գործընթացի մի մասն են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Սամսոն Զատիկյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ բուհի ներսում ճնշումներ են իրականացվում, որի հետևում կանգնած է աշխատակազմի նորանշանակ ղեկավարը:

Հոկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը նշել է, որ համալսարանի աշխատակիցները ենթարկվում են ներքին ճնշումների, տեղի են ունենում աշխատասենյակների չարտոնված խուզարկումներ: Խոյեցյանի խոսքով` աշխատակազմի ղեկավարը` Սամսոն Զատիկյանը, գիշերները մտնում է աշխատասենյակներ և ստուգումներ անցկացնում. «Սա մեր անվտանգությանն է արդեն վերաբերում: Դա ոչ միայն էթիկապես ճիշտ չէ, այլև իրավական հետևանք կարող է ունենալ: Պատկերացնում ե՞ք` նա իմ համակարգչից ինչ-որ բան իրականացնի», - նշել է Խոյեցյանը:

«Եթե նրանք իմ կարգապահական գործողություններն անձնավորված են դիտարկում, իրենց խնդիրն է, քանի որ բոլոր պահանջներն օրինական, փաստաթղթերով ներկայացված են: Ես իրենց հետ բազմիցս խոսել եմ, պահանջել եմ կատարողական կարգապահությունը բարձրացնել, բայց իրենց կողմից դա տեղի չի ունեցել»,-ասաց Զատիկյանը:

Բուհի աշխատակազմի ղեկավարի խոսքով` այն, ինչ աշխատակիցներն անվանում են խուզարկում, աշխատանքային ստուգայց է, որը իրականացնում են ռեկտորի հրամանով:

«Ինչ վերաբերում է այցելություններին, թե իբր խուզարկություն է, պետք է նշեմ, որ խուզարկությունը գործընթացային կարգ է, որը ես չեմ կատարում, մենք ընդամենը ստուգայցեր ենք կատարել` թե ցերեկային, թե երեկոյան ժամերին: Ստուգել ենք էլեկտրապլիտաների, ջրերի, հոսքանքի ծախսերի գոյացումը: Մենք երկու ամսվա մեջ ունենք ծախսերի ահռելի բարձացում, և ռեկտորի հրամանով` խմբեր են ստեղծվել ու շրջայցեր են կազմակերպվել»,-նշեց Սամսոն Զատիկյանը` հավելելով, որ արձանագրվել են խախտումներ բուհի տարբեր բաժիններում: «Իմ կողմից իրականացված ստուգայցերը կատարվել են անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ովքեր մեր աշխատակիցները չեն, այլ պայմանագրով այստեղ ծառայություն են մատուցում: Նրանց ներկայությամբ արձանագրվել է ոչ միայն Խոյեցյանի վարչությունում, այլև այլ մասնաշենքերում տեղի ունեցած խախտումները` լույսերը միացված են, ջուրը բաց է թողնված»,-ասաց Զատիկյանը` հավելելով, որ ստուգայցերի արդյունքում ինքը կարգադրել է աշխատանքային թերությունները վերացնել:

Հարցին ի պատասխան, թե որն է լինելու ստեղծված իրավիճակի լուծումը` Սամսոն Զատիկյանը նշեց. «Ես շարունակելու եմ իմ աշխատաոճը, պահանջկոտ եմ լինելու, պահանջելու եմ իրենցից աշխատանքային կարգապահություն, որ իրենց աշխատանքները կատարեն, ոչ թե թերի կատարեն կամ չկատարեն: Իրենք հանձնարարականներ են ունեցել, որոնք չեն կատարել ամիսներ շարունակ»,-եզրափակեց բուհի աշխատակազմի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]