Մայր Աթոռում կգործի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նորաստեղծ բաժնի տնօրեն է նշանակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սամվել Հովհաննիսյան) ծնվել է 1955թ. մայիսի 9-ին Երևանում: Նախնական կրթությունը ստացել է թիվ 114 դպրոցում: Մինչ ճեմարանն ընդունվելը սովորել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում, ապա Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` 1980թ. ավարտելով պրոֆեսոր Քեթի Մալխասյանի դասարանը:
1984-87թթ. սովորել և ավարտել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Մինուկիոս Ֆելիքսի «Օկտավիոս» երկը» թեմայով:
1986թ. ձեռնադրվել է սարկավագ:
1988թ. ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի` ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Նաթան անունը:
1989թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Հերմասի «Հովիվը» թեմայով և ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ստացել մասնավոր վարդապետական 4 աստիճանները: Նույն ժամանակ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ` դասավանդելով «Հայրաբանություն» և «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:
1991թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդական տեղապահ:
1994թ. պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ` «Պետրոս Քյութուրը և նրա «Հաւաքումն Աստուածաբանութեան» երկը» թեմայով և ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ստացել ծայրագույն վարդապետության աստիճան:
1997թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի, և նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:
1997-2000թթ. եղել է Հայ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
2000թ. հոկտեմբերի 1-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:
2010-2013թթ. հոգևոր ծառայությունը շարունակել է Մայր Աթոռում որպես Հրատարակչական բաժնի պատասխանատու:
2013-2014թ. եղել է Կանադայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:
Սրբազան Հայրը մեծ ակտիվություն է ցուցաբերել էկումենիզմի ոլորտում: Նա մասնակցել է տարբեր միջազգային կոնֆերանսների և էկումենիկ համաժողովների: 2001-2006թթ. եղել է Բրիտանիայի Արևելյան Ուղղափառ եկեղեցիների խորհրդի նախագահը: 2001-2010թթ. եղել է Անգլիկան-Ուղափառ Արևելյան եկեղեցիների ֆորումի ատենապետը: 2006-2010թթ. եղել է Անգլիայի եկեղեցիների խորհրդի համանախագահը, 2006-2014թթ.` Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի «Հավատ և կարգ» հանձնաժողովի անդամ:
Սրբազան Հայրը Ուկրաինայի Կադրային միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ և պատվավոր դոկտոր է: 1995թ. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ի կողմից պարգևատրվել է «Իշխան Դանիել Մոսկվացու» շքանշանով: 2001թ. Ուկրաինայի նախագահի կողմից արժանացել է «Ծառայությունների համար» շքանշանի: 2006թ.-ից Բեթղեհեմի պատվո քաղաքացի է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում