Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախանձախնդիր է, որ նվիրապետական աթոռները լինեն պայծառ ու զորեղ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախանձախնդիր է, որ նվիրապետական աթոռները լինեն 
պայծառ ու զորեղ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու ընդհանրական կանոնադրության ընդունումը ժամանակի հրամայականներից է, որին էլ Մայր Աթոռը ձեռնամուխ է եղել դեռևս Վազգեն Առաջինի գահակալության վերջին տարիներից: Կանոնադրություն ունենալու կարևորության մասին են փաստում նաև վերջին տարիներին Սինգապուրի հայկական եկեղեցու և Մյանմարի Միությունում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու փրկությունը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Եթե կանոնադրության մշակումը ժամանակին նախատեսած չլինեինք ու իրավական լուծում ու ձևակերպում տված չլինեինք, ապա այսօր ուղղակի պետք է հրաժեշտ տայինք շատ ազգային հարստությունների ու կալվածքների, որոնք տարբեր ժամանակներում գոյացել են մեր հայրենիքի սահմաններից դուրս տարբեր պատմական հանգամանքների պատճառով»,-ասաց Տեր Վահրամը:

Տ. Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով` Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին, որը հայկական ազգային ամենահին կրոնական կառույց է, պետք է օժտված լինի կանոնադրությամբ, որը մաս առ մաս հստակեցվում և ընդունվում է: «Մինչ այժմ Մայր Աթոռն առաջնորդվում է «Կանոնագիրք հայոց»-ով, դատաստանագրքերով ու տարբեր ժամանակներում ձևավորված կանոնագրքերով, երբեմն Ազգային սահմանադրությամբ, որը շարունակում է գործել նվիրապետական աթոռներում, որոնցից է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը: Հստակ է, որ 2009 թվականի թեմական ներկայացուցչական ժողովը, որը հետագայում վերաձևակերպվեց որպես եկեղեցական ներկայացուցչական ժողով, որդեգրեց թեմական ուղենշային կանոնադրությունը, որը մեր եկեղեցական սահմանադրության մասերից մեկն է: Դրանում կան որոշակի հոդվածներ, որոնք առնչվում են մեր բոլոր թեմերի գործունեությանը` դրանց կազմությանը, իրավասություններին, թե ինչպես են ընտրվում թեմական առաջնորդները, հովիվները, ծխերի կազմության և լուծարման մասին: Կանոնադրությունն ունի պարտադիր կետեր ու նաև կետեր, որոնք կարող են համապատասխանեցվել տարբեր երկրների օրենսդրություններին»,-ասաց Տեր Վահրամը` հավելելով, որ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի վերջնական տեսքի բերվի նաև գերագույն հոգևոր խորհրդին վերաբերող հատվածը և աստիճանաբար պետք է կազմեն բոլոր անհրաժեշտ կանոնադրությունները:

Մայր Աթոռի ներկայացուցչի խոսքով` կարևոր է, որպեսզի հանրությունն իրազեկված լինի նշյալ գործընթացների մասին, քանի որ տեղեկատվության պակասի հետևանքով որոշ անձինք Հայաստանյաց Առաքելական եկեղեցին դարձնում են  քննադատության թիրախ և փորձում որոշակի խռովություններ առաջացնել:

Տեր Վահրամը հերքեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից ժամանակին կարգալույծ հռչակված հոգևորական Ոսկան Մխիթարյանի այն հայտարարությունը, թե վերջերս կայացած ներկայացուցչական ժողովի ժամանակ նվիրապետական աթոռները թեմական կառույցների մակարդակին իջեցնելու պահանջ է դրվել: «Նվիրապետական աթոռներ ասելով` նկատի ունենք Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունները: Ես պաշտոնապես հերքում եմ նման խոսակցությունները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես նախանձախնդիր է եղել, որ իր նվիրապետական աթոռները, որոնք մասն են կազմում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու, մշապես լինեն պայծառ ու զորեղ»,-ասաց նա:

Իսկ հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանի Տ. Վահրամ քահանա Մելիքյանն այն խոսակցությունները, թե իբր Մայր Աթոռը շահագրգիռ է որոշ կալվածքների յուրացմամբ, նա ասաց. «Մայր Աթոռը ոչ մի նկրտում չունի տիրանալ ինչ-որ մեկի ունեցվածքին, կալվածքներին, սակայն, միևնույն  ժամանակ պետք է հստակ լինի մի բան, որը ամրագրված է մեր բոլոր կանոնադրություններում, Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխաանտու է Մայր Աթոռի կալվածքների հանդեպ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»:

Կալվածքները գտվում են ծխերի և թեմերի տնօրինման ներքո` Վեհափառի գիտությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է գիտենա, թե ինչպես են տնօրինվում այդ կալվածքները և անհրաժշետության դեպքում կասեցնի որոշ պարագաներ: «Եթե ծուխը լուծարվի, դրան պատկանող կալվածքները կանցնեն թեմին, եթե թեմն էլ լուծարվի, գոյություն չունենա որպես իրավաբանական կառույց, այն կանցնի Մայր Աթոռի տնօրինությանը»,-հավելեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]