Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ գերագույն պալատը «Delfi» գործակալության վերաբերյալ որոշում կկայացնի մեկ տարվա ընթացքում

ՄԻԵԴ գերագույն պալատը «Delfi» գործակալության վերաբերյալ որոշում կկայացնի մեկ 
տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ,  21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատը մեկ տարվա ընթացքում կհրապարակի էստոնական Delfi լրատվական գործակալության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման էլ պարզ կդառնա` կայքի ղեկավարությունը պատասխանատվություն կրո՞ւմ է  ընթերցողների մեկնաբանությունների համար, թե ոչ: Եթե դատարանը որոշում կայացնի ընդդեմ լրատվամիջոցի, ապա գործը նախադեպ կհանդիսանա, որպեսզի լրատվամիջոցները պատասխանատվություն կրեն ընթերցողների տեսակետի համար եւ բարոյական փոխհատուցում վճարեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Delfi լրատվական գործակալության խմբագիր Ուրմո Սոոնվալդը շեշտում է, որ որոշումը ոչ միայն իրենց գործակալության, այլեւ ամբողջ լրատվական դաշտի դեմ է: «Ո՞վ պետք է ստուգի` արդյոք դա ճի՞շտ մեկնաբանություն է եղել, թե ոչ: Համացանցը պետք է ազատ լինի: Մարդիկ պետք է ասեն այն, ինչ ցանկանում են ասել, եթե, իհարկե, ասելիքը պարկեշտության շրջանակում է: Մեղավոր է ոչ թե համացանցը կամ որոշակի կայքը, այլ մարդը, ով տեսակետ է հայտնել»,- ասում է Սոոնվալդը` հավելելով, թե չեն մտածել այն ուղղությամբ, որ ՄԻԵԴ գերագույն պալատը կարող է ընդդեմ կայքի որոշում կայացնել: «Երկրորդ տարբերակ» չենք մտածել եւ այսօր էլ աշխատում ենք նախկինի պես. ունենք 5 մոդերատոր, ովքեր հետեւում են մեկնաբանություններին»,- ասաց Սոոնվալդը: Միաժամանակ, ըստ խմբագրի, երբ սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը, կայքում շատ հոդվածների համար նախատեսված մեկնաբանությունների բաժինը փակվել է` վիրավորական եւ անպարկեշտ բառապաշարի պատճառով:

Սոոնվալդի գնահատմամբ, այս գործով իրենց կայքը հայտնվել է թե՛ էստոնական, թե՛ ԵՄ բազմաթիվ երկրների ուշադրության կենտրոնում: Խմբագիրը փաստում է, որ ՄԻԵԴ-ում «Delfi-ն ընդդեմ Էստոնիայի» դատավարությունը լուսաբանում էին բազմաթիվ լրատվամիջոցներ: «Բոլորն էլ սպասում են այս որոշմանը` հասկանալու համար, թե ապագայում իրենց ինչ է սպասում: Իհարկե, այսօր բոլոր լրատվամիջոցներն էլ մեծ ուշադրություն են դարձնում կայքում մեկնաբանություններին, սակայն հասկանալի է, որ անհնար է ամբողջությամբ վերահսկել մեկնաբանությունների հոսքը»,- նշեց Սոոնվալդը` հավելելով, որ օրական իրենց կայքում ավելի քան 300.000 մեկնաբանություն է հայտնվում:

2009 թվականին Delfi-ի կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ սկսված դատավարության արդյունքում լուրերի պորտալը ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմին բարոյական վնաս փոխհատուցել։

«Delfi-ն ընդդեմ Էստոնիայի» գործը ՄԻԵԴ-ում քննվել է այս տարվա հուլիսին: Ավելի վաղ Էստոնիայի ազգային երեք դատարանները որոշում են կայացրել, որ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում ընթերցողների թողած մեկնաբանությունների համար, այդ թվում՝ վիրավորական արտահայտությունների:

ՄԻԵԴ-ում նույնպես գործակալությունը պարտվեց: ՄԻԵԴ-ը որոշեց, որ ընթերցողների թողած վիրավորական մեկնաբանությունների համար կազմակերպությանը պատասխանատվության կանչելը խոսքի ազատության խախտում չէ: Եվրոպական դատարանը հաշվի չառավ անգամ այն հանգամանքը, որ կայքում նախապես գրված է եղել, որ լրատվամիջոցը պատասխանատվություն չի կրում ընթերցողների մեկնաբանությունների համար եւ մինչ այդ գործն էլ ընթերցողների մեկնաբանությունները նախապես չեն խմբագրվել:

 ՄԻԵԴ գերագույն պալատը վերջին ատյանն է, ուր կայքը կարող էր դիմել, եւ որոշումը կարող է նախադեպ դառնալ այս ոլորտի դատական գործերի համար:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]