1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անցկացվել է Էբոլային դիմակայելու թեմայով ուսումնավարժանք

Անցկացվել է Էբոլային դիմակայելու թեմայով ուսումնավարժանք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում  մասնակցել է  էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են եղել մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի  բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները:

«Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի`  վիրուսի ներթափանցման առաջին իսկ կասկածի դեպքում հնարավոր վիրուսակրին մեկուսացնելու, բուժումը կազմակերպելու համար: Ողջ գործընթացը  պետք է լինի խիստ կանոնակարգված և  կազմակերպված»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը` կարևորելով բժշկական անձնակազմի պատարստվածության և իրազեկվածության բարձր մակարդակը:

 Նրա գնահատմամբ`  բարձր կազմակերպվածությամբ կարելի է խուսափել հնարավոր վտանգներից և ռիսկերից:  Նախարարը կարևորել է, որ էբոլա վիրուսով կասկածյալի հայտնաբերման պահից մինչև բժշկական կազմակերպություն նրա տեղափոխումն պետք է իրականացվի մշակված ժամանակացույցի, գործողությունների պլանի համաձայն` նշված մասնագետների պատասխանատվությամբ: Որպես կազմակերպվածության լավ օրինակ` նախարարը մատնանշել է Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ ծառայության աշխատանքը: 

ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նախարարությունում ևս անցկացվել են շտաբային վարժանքներ:

«Դրանց շնորհիվ հստակեցրել ենք բոլոր ծառայությունների և մասնագետների պատասխանատվությունը, պարտականությունները և գործողությունները, որոնք պետք է իրականացվեն էբոլա վիրուսով կասկածյալ հիվանդի Հայաստան ժամանելու դեպքում»,- հայտնել է  Սերգեյ Խաչատրյանը` հանգամանալից ներկայացնելով տվյալ իրավիճակի համար սահմանված բոլոր քայլերի հաջորդականությունը։ 

Նա կարևորել է  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և սահմանային անցումային յոթ կետերի մասնագետների համակարգված աշխատանքը:

«Բոլոր գործողությունները  հստակ հաջորդականությամբ պետք է լինեն համակարգված»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանն էլ ներկայացրել է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նշվել է, որ արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել և իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ և  հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին,  ձեռք է բերվել  անհատական պաշտպանիչ արտահագուստների մեծաթիվ լրակազմ։ Հեռակառավարվող ջերմացույցի միջոցով կատարվում է ուղևորների ջերմության որոշում, իսկ օդանավակայանում սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբաններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ` կասկածելի դեպքերի հայտնաբերման նպատակով:  Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատողներն ապահովված են անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչ նյութերով:

«Այսօրվա վարժանքի նպատակը  վարակաբանների, համաճարակաբանների, սահմանային կետերի համաճարակաբանների փոխհամագործակցության ապահովումն է»,-ասել է Արտավազդ Վանյանը:

Նրա առաջարկով մարզային սահմանային անցակետերում  կստեղծվեն արագ արձագանքնման խմբեր, որոնք  կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածումը տեղում կանխարգելելու նպատակով:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն էլ հայտնել է, որ կենտրոնն ապահովված է  անհրաժեշտ պայմաններով` վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն էլ նշել է, որ, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները, ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ:  Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։ Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար:

Ուղևորներն ախտահարված երկրներ այցելության ժամանակ իրազեկվում են հնարավոր վտանգների մասին։  Իրականացվել են սեմինար-դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպությունների համար։

Միջոցառման ժամանակ կարևորվել է  միմյանց հետ 24 ժամ կապի մեջ լինելու, արագ արձագանքելու,  տեղեկատվությունը փոխանակելու անհրաժեշտությունը:  Գնահատվել են սահմանային կետերի կարիքները, թարմացվեց տվյալների բազան, հստակեցվել կազմակերպչական այլ հարցեր:

Ուսումնական վարժանքի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը պատասխանեց մասնագետների հարցերին: 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]