Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա-ին այցելել են Սպահանի բարձրաստիճան պաշտոնյաները

Արամ Ա-ին այցելել են Սպահանի բարձրաստիճան պաշտոնյաները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպահանի Ս. Ամենափրկիչ վանքում, պատմության մեջ առաջին անգամ, հոկտեմբերի 19-ին Արամ Ա Կաթողիկոսին այցելել են Սպահանի նահանգապետը, փոխնահանգապետը, կրոնապետը, ընդհանուր ապահովության պատասխանատուն, զորավարն ու այլ հայտնի պետական դեմքեր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նրանք ջերմորեն ողջունել են Արամ Ա Կաթողիկոսի այցելությունը Սպահան:

Նահանգապետը շեշտել է Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը, որին իր մեծ նպաստն է բերում Վեհափառ Հայրապետը:

Հանդիպմանը ներկա էին նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն Եպս. Չարյանը, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթջյանը, Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանն ու թեմական խորհրդի անդամները:

Վեհափառ Հայրապետը ողջունել է նրանց այցելությունը և բարձր գնահատել Սպահանի հայության և նահանգապետարանի միջև համագործակցությունը: Նա շեշտել է այն շարունակելու կարևորությունը՝ հիշեցնելով Սպահանի հայության բերած նպաստն Իրանի մշակույթի առավել ծաղկման գործում:

Հանդիպման ընթացքում զանազան թեմաներ են արծարծվել: Քննարկման հատուկ առարկա է դարձել Միջին Արևելքի ներկայիս անցուդարձը: Նույն օրը Ս.Ստեփանոս եկեղեցում տեղի է ունեցել պատարագ: Արամ Ա Կաթողիկոսն իր խոսքում նախ ողջունել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազանին ու ազգային իշխանությանը և ապա հավատացյալ ժողովրդին հիշեցրել է, որ Աստված Քրիստոսի ճամփով մեզ հետ է եղել, երբ մարդը տակավին անհնազանդության մեջ էր գտնվում: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Աստված Քրիստոսի ճամփով մեզ հետ է եղել, մենք, այսօր արդյո՞ք Քրիստոսի հետ են: Այս հարցադրումով նա շեշտել է կյանքի ընթացքում Աստծո հետ լիենլու, աստվածային պատվերները կատարելու հրամայականը:

Պատարագից հետո Վեհափառ Հայրապետն այցելել է Նոր Ջուղայի ծերանոց, ուր իր հայրական խոսքն ուղղել է ծերանոցում պատսպարվող ծերունիներին:

Երեկոյան Նորին Սրբությունը նախագահել է Սպահանի Հայոց Թեմի պատգամավորական ժողովը: Ներկա էին նաև թեմակալ երկու առաջնորդները: Ժողովի ընթացքում թեմական խորհրդի ատենապետը զեկուցել է թեմի գործունեության ու ապագա աշխատանքների մասին: Ապա, Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությանն առնչված, հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքներին ու ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]