Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գարիկ Պապոյանը միշտ երազել է երգել

Գարիկ Պապոյանը միշտ երազել է երգել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ, հումորիստ, դերասան, պրոդյուսեր, երաժիշտ Գարիկ Պապոյանը շարունակում է աշխատել առանց դադարի՝ ի ուրախություն իր երկրպագուների: Վերջերս Գարիկին տեսանք նաև «Սուպեր մամա» կինոկատակերգության մեջ. սա Գարիկի առաջին փորձն էր կինոյում, մինչ այս նա գեղարվեստական ֆիլմում չէր նկարահանվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկը խոսեց իր գործունեության և ծրագրերի մասին:                                                    

-Գարիկ, վերջերս էկրաններին հայտնվեց նոր կինոկատակերգություն, որի գլխավոր հերոսներից էիք և Դուք: Կպատմե՞ք Ձեր կերպարի մասին, ինչը՞ գրավեց Ձեզ ամենից շատ կերպարում: Ի՞նչ տվեց ֆիլմը Ձեզ:

- Կատակերգության մեջ իմ կերպարը, առհասարակ, վատ հատկանիշների համալիր եմ համարում: Կերպարը ստեղծված է հենց այնպես, որ ոչ մեկին դուր չգա, և այն վատ երևույթները, որ տեղի են ունենում են նրա հետ, լինեն բոլորի սրտով: Այդ տեսակի մարդ դժվար չէր մարմնավորելը, քանի որ նման մարդիկ շատ են մեր հասարակության մեջ:

-Գարիկ, Դուք զբաղվում եք երաժշտությամբ, պրոդյուսեր եք, «Վիտամին» ակումբում եք հանդես գալիս, «X factor» նախագծում ժյուրիի անդամ եք, էլ ի՞նչ սպասի հանդիսատեսը Ձեզանից:

-Ես ինձ ամենից շատ երաժիշտ եմ համարում: Պրոդյուսեր երբ ասում ենք, էլի երաժշտական պրոդյուսերի մասին է խոսքը: Տարբեր ոլորտներում ինքս ինձ փորձում եմ: Հիմա զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ, բավականին շատ ժամանակ եմ հատկացնում սովորելուն, որովհետև շատ երկար է տևում այդ ամենը: Հնարավոր է մոտ մեկ տարուց նաև լուսանկարչական քայլեր անեմ:

-Ձեզ լուրջ դերում պատկերացնու՞մ եք, Գարիկ, այսինքն՝ հումորային ժանրից դուրս: Օրինակ՝ հնարավո՞ր է գա ժամանակ, որ Գարիկին տեսնենք Ռոմեոյի կերպարում:

- Ամեն հումորիստ էլ ցանկանում է որևէ լուրջ դեր մարմնավորել, սակայն գուցե չընդունվի հանդիսատեսի կողմից, քանի որ հանդիսատեսը միշտ քեզ տեսել է հումորային ժանրում: Իհարկե, ես ինձ պատկերացնում եմ լուրջ դերերում, սակայն դեռևս առաջարկներ չեն եղել:

-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք նաև թատրոնում:

- Այո, հնարավոր է, անգամ շատ մեծ հաճույքով: Առհասարակ բեմական խաղն ինձ շատ է գրավում: Կարծում եմ, դա կլինի շուտով…Մտքեր կան:

-«X factor» նախագծում ու՞մ է ամենից շատ հավանում Գարիկը, և ու՞մ է համարում հակառակորդ:

-Իհարկե, ունեմ ամենից շատ համակրած մասնակից, բայց չեմ ասի` ով է: Նախագծից դուրս ոչ ոքի չեմ համարում մրցակից: Արդեն այն փուլին ենք հասել, որ մնացել են լավագույններից լավագույնները, և ով էլ լքի նախագիծը, մեծ կորուստ կլինի, քանի որ, ինչպես նշեցի, լավագույններն են մնացել:

-Խոսենք նաև «Վիտամին» ակումբի ծավալած գործունեության մասին: Վերջերս Զառային կրկին տեսանք «Վիտամին»-ի բեմում, արդյոք «Վիտամին»-ն ու «32 ակումբ»-ը նորից միասի՞ն են:

-Ոչ, «Վիտամին»-ն ու «32»- ը միասին հանդես չեն գա: Հիմա Զառան, այո, «Վիտամին» ակումբում է հանդես գալիս, բայց միանալու մտադրություն չկա:

-Արդեն 2 տարի ամուսնացած եք, Գարիկ, ի՞նչն եք կյանքի այս փուլում ամենից շատ կարևորվում:

-Դե, երբ ամուսնանում ես, տունն ավելի շատ է ձգում, եթե առաջ ազատ ժամանակս անցկացնում էի ուրիշ վայրերում, հիմա աշխատանքից հետո տուն եմ շտապում: Աղջիկս լցնում է մեր օրը:

-Դուք և՞ս այն հայրերի թվին եք դասվում, ովքեր անպայման ցանկանում են, որ առաջնեկը տղա լինի: Եվ հայր դառնալով` ի՞նչ փոխվեց Ձեր մեջ:

- Ցանկալի կլիներ, որ առաջնեկս տղա լիներ, այո, բայց աղջիկս այնքան է լցնում մեր օրը, որ չեմ էլ մտածում այդ մասին: Առաջնեկը երբ տղա է լինում, հետագայում թիկունք է լինում իր քույրերին, իսկ ընդհանրապես անսահման երջանկացա, երբ իմացա, որ աղջիկ եմ ունեցել:

-Ի՞նչ չիրականացած երազանքներ ունի Գարիկը:

-Միշտ երազել եմ երգել, որովհետև ժամանակին շատ լավ տվյալներ եմ ունեցել: Երբ դպրոցական էի, բոլոր միջոցառումներին երգում էի: Վերջին զանգիս օրը ևս երգել եմ: Բայց տարիների ընթացքում չզբաղվելով երաժշտությամբ,մի քիչ, այսպես ասած, հետ վարժվեցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]