Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիպրոսը դուրս է եկել Թուրքիայի հետ բանակցություններից

Կիպրոսը դուրս է եկել Թուրքիայի  հետ բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետությունը չի վերականգնի կջպրական խնդրի կարգավորման բանակցությունները մինչեւ այն ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել կղզու բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նավթագազային պաշարների հետազոտության ծրագրեր սկսելուց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

«Ես չեմ զիջի որեւէ մեկի, ով էլ լինի, խորհուրդներին եւ առաջարկություններին` վերադառնալ խուլերի հետ երկխոսությանը: Ես արժանի չէի լինի ժողովրդի կողմից ինձ տրված մանդատին, եթե շարունակեի բանակցությունները սպառնալիքների եւ եւս մեկ կատարված փաստի ճանաչման պայմաններում», -ասել  Կիպրոսի նախագահը:

Հոկտեմբերի սկզբին Թուրքիան տեղեկացրել է, այսպես կոչված, NAVTEX (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր հրապարակելու մասին, որ իրեն է վերապահում Միջերկրական ծովի արեւելյան մասում` Կիպրոսից հարավ գտնվող ընդարձակ ջրատարածությունում նավթագազային պաշարների սեյսմիկ հետախուզություն անցկացնելու իրավունքը, որ այդտեղ թուրքական հետազոտական «Բարբարոս» նավը հոկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը պետք է անցկացնի նման աշխատանքներ: Այնտեղ են ուղարկվել նաեւ թուրքական ծովուժի երկու ռազմանավ:

Այդ ջրատարածությունում է հայտնվել, մասնավորապես, կիպրոսյան ԲՏԳ-ի իններորդ հատվածը, որտեղ, Կիպրոսի կառավարության հետ ձեռքբերված համաձայնությամբ, ներկայում իտալական էներգետիկական հսկա «ԷՆԻ»-ն եւ կորեական KOGAS ընկերությունը համատեղ հանքահորեր են փորում:

Նախագահ Անաստասիադիսը Թուրքիայի նման գործողությունները գնահատել է որպես սեփական ԲԳՏ տարածքում բնական ռեսուրսների մշակման Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտում եւ հայտարարել է այն մասին, որ կիպրահունական կողմը դադարեցնում է կղզու խնդրի կարգավորման գծով բանակցությունները, քանի որ երկրի վերամիավորման գործընթացը «չի կարող շարունակվել սպառնալիքների եւ շանտաժի պայմաններում»:

Թուրքիան Կիպրոսի մեկ երրորդ մասը բռնազավթել է 1974 թվականին եւ այնտեղ հռչակել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», որը մինչ այժմ ճանաչել է միայն ինքը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]