1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-13. Ստեղծագործություններ տարբեր ճաշակների համար

«Նոր գիրք»-13. Ստեղծագործություններ տարբեր  ճաշակների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Յուրաքանչյուրը մեր ցանկում կգտնի գիրք ըստ իր ճաշակի, այնպես որ կարող եք ընտրել նոր գրքերը և սկսել ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն 

Մուրացան, Երկեր


«Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ուտոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը: Ժողովածուն կազմել է Նվեր Վիրաբյանը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը: Գիրքը բաղկացած է 456 էջից:

Ժամանակակից գրականություն  

Վարուժան Ոսկանյան, «Շշուկների մատյան»  


Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի վեպը վերահրատարակվել է հայերեն: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը թարգմանվել է բնագրից: Գիրքն այս տարի ևս առաջադրվել է Նոբելյան մրցանակի: «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը` արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Ոսկանյանի գործը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Իր գրքի մասին հեղինակն ասել է. «Այն հայկական սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, հայերի տանջանքը և հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ է»: Գիրքն այս տարի հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն  

Էլֆրիդե Ելինեկ, «Դաշնակահարուհին»

«Դաշնակահարուհին» վեպով Էլֆրիդե Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է: Գերմաներենից թարգմանել է Կարլեն Մատինյանը: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը: Գիրքը բաղկացած է 336 էջից:

Մանկական գրականություն

«Լինում է, չի լինում... »

Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի` «Լինում է, չի լինում…» խորհրդավոր բառերով սկսվող այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը: Խմբագիր` Կարինե Խոդիկյան: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը: Այն բաղկացած է 354 էջից:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]