Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 2/34. Հեքիաթներ, հանրագիտարաններ, պատմություններ…հայ մանուկների ընտրությունը

Մանկական բեսթսելեր 2/34. Հեքիաթներ, հանրագիտարաններ, պատմություններ…հայ 
մանուկների ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Արդեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության  «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն երրորդն է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:   

Վեցերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Ութերորդ հորիզոնականում «GSM» ստուդիայի հրատարակած բոլորիս քաջ հայտնի«Մաշան ու արջը+վեց խճանկար» ռուսական հեքիաթն է:

Այս գրքին հաջորդում է GSM-ի «Այբուբեն սպունգանման» գիրքը, որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականում է:  Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 198
2 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 38
3 +4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 10
4 +2 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ

Պրինտ

9
5 +4

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
6 +2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 8
7 * Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» Արևիկ 8
8 * «Մաշան ու արջը+վեց խճանկար» GSM 7
9 * «Այբուբեն սպունգանման» GSM 7
10 0

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]