Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում կայացավ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ազդեցությունը մարզային դպրոցներում» թեմայով քննարկում

Գյումրիում կայացավ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ազդեցությունը մարզային դպրոցներում» թեմայով քննարկում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 2-ին,  Գյումրու «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ քննարկում  «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ազդեցությունը մարզային դպրոցներում» թեմայով: Քննարկման բանախոսները՝ ՀՀ ԿԳ նախարարության ուսուցիչների վերապատրաստման ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը, Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Ղալաչյանը  և կրթության բնագավառի փորձագետ, ԵՊՀ դոցենտ Սերոբ Խաչատրյանը մարզի կրթության ոլորտի պատասխանատուներին, կրթության հարցերով զբաղվող հասարական կազմակերպությունների և դպրոցների ներկայացուցիչներին  պատմեցին վերջին տարիների ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքերի, բացերի ու խնդիրներ մասին:

Խոսելով ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումների մասին ՝ Կարեն Մելքոնյանը նշեց. «Հանրակրթության բարեփոխումների փուլը սկսվել է 2004 թ.-ին, և այս պահին խոսել արդյունքների մասին դեռ վաղ է, կարելի է միայն  խոսել ընթացքի մասին: Երբ 2018 թվականին կտանք առաջին 12-ամյա կրթությամբ շրջանավարտներին՝ նոր հնարավոր կլինի խոսել արդյունքների մասին»: ՀՀ ԿԳ նախարարության  պատասխանատուն՝ ներկայացնելով նաև հանրապետության ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցերում իրականացվող աշխատանքները ՝ընդգծեց, թե սխալ է այն կարծիքը, որ ՀՀ ԿԳ նախարարությունն ուշադրությունը սևեռում է միայն իր ենթակայության ավագ դպրոցների վրա, ուշադրության արժանանում են նաև մյուսները:

Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Ղալաչյանը` ներկայացնելով իր մտահոգությունը նշեց, որ մարզում կա 169 դպրոց: Ավագ դպրոցների թիվը բավական մեծ է՝ 13, որից 10-ը Գյումրիում, սակայն   մեծ խնդիր կա բազմահամակազմությամբ /կոմպլեկտավորված/  գործող դասարանների հետ կապված: «Կան գյուղական համայնքներ, որտեղ, տարբեր պատճառներով, սակավաթիվ աշակերտներ կան և ուսուցիչները ստիպված պարապում են բազմահամակազմական դասարաններում ՝ հատկացված դասաժամի ընթացքում միաժամանակ պարապելով 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասարանների աշակերտների հետ: Ցավոք, ՀՀ-ում կան գյուղական համայնքներ, որտեղ կան եռահամակազմ  կամ քառահամակազմ դասարաններ: Այստեղ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել: Որակյալ կրթության համար պետք է այս նպատակով քայլեր ձեռնարկել՝ օգտագործելով այլ երկրների փորձը: Գյուղական համայնքների համար դպրոցը չափազանց կարևոր է: Այստեղ երեխայի կրթական իրավունքի խախտում է տեղի ունենում՝ երեխան ծնվում է մի տարածաշրջանում կամ համայնքում, որտեղ որակյալ կրթություն չի իրականացվում: Կրթության հասանելիությունը որակյալ չէ»,- նշեց Մեսրոպ Ղալաչյանն՝ առաջարկելով դպրոցների խնդիրը հաշվի առնել նաև համայնքների խոշորացման ծրագրի ժամանակ:

Քննարկման ընթացքում կրթության բնագավառի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ներկայացնելով իր կարծիքը ավագ դպրոցների մասին, նշեց, որ ՀՀ-ում ավագ դպրոցների ստեղծումը «առաջին անհրաժեշտության» չէր: Շատ երկրների համար ավագ դպրոցն ավելորդ «շքեղություն» է և «թանկ» բարեփոխումներ է ենթադրում: «Ես չեմ ասում, որ դա վատ գաղափար է, բայց մի բան է ստեղծելը, մեկ այլ՝ պահել ու պահպանելը: Ինձ ևս կրթական ոլորտի համաչափ զարգացման խնդիրը հուզում է, քանի որ հենց «հանրակրթություն» բառիմաստն է դա  նշում, իսկ մեզ մոտ հաճախ կրթական որակը ընտրողական է և չկա համաչափ  զարգացում: ՀՀ-ում դպրոցներ հաճախելիությունը բավական լավ վիճակում է, բայց, երեխային դպրոց ուղարկելով, կրթության խնդիրները չեն ավարտվում: Համաչափ կրթության դեպքում է հնարավոր  լավ կրթություն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

ՀՀ ԿԳ նախարարության ավագ դպրոցների   բարեփոխումների ծրագրի պատասխանատու  Նունե Դավթյանը, չհամաձայնելով բանախոսների հետ, նկատեց, որ թեև խնդիրները գյուղական համայքներում առկա են, սակայն դրանք ավելի շուտ կրթական չեն և ոչ էլ բարեփոխումների արդյունք, այլ ժողովրդագրական են: «Ավագ դպրոցների մասին խոսելը նույնպես վաղ է: Դրանց մասին հնարավոր կլինի խոսել մի քանի տարի անց, իսկ քիչ աշակերտներով դպրոցները գյուղական համայքներում   պահելով, լուծվում է նաև  ազգային անվտանգության  խնդիրը: Գյուղը պահողը դպրոցն է՝ չկա դպրոց, չկա գյուղ»,- ընդգծեց պատասխանատուն:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին հանարկրթության  ոլորտին առնչվող այլ խնդիրներ ևս: Բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:

Քննարկումը, որն անցկացնում  էր «Մեդիա կենտրոն»-ը՝ «Հանրային լրագրության ակումբ»-ի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեստանատան համատեղ  աջակցությամբ, առաջինը չէր. նմանատիպ երկու այլ քննարկում, այլ մարզերում ևս կայացել են, սակայն, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Մեդիա կենտրոն»-ի համակարգող Կարինե Քալանթարյանը, քննարկումները տարբեր ոլորտներին են առնչվում, և իրականացվում են` նախ ուսումնասիրելով, թե տվյալ մարզում որ ոլորտներն են առավել ուշադրության արժանի: «Վերջերս քննարկում տեղի ունեցավ Գորիսում՝ զբաղվածության և գործազրկության թեմայով, որին մասնակցեցին ոլորտի պատասխանատուներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումների նպատակը նախ իրազեկումն է, ինչը շատ կարևոր է հատկապես մարզերում, երբ մարզերի բնակիչներին «կապում ենք» պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Հատկապես կարևոր է այն, որ այստեղ ոչ միայն  պաշտոնյաններն են պատասխանում հասարակական կազմակերպությունների և լրագրողների հարցերին, այլ նաև ոլորտի մասնագետները»,- նշեց Կարիեն Քալանթարյանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում, իրենք ակնկալում են քննարկումների դրական արդյունք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]