Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեր Զորի եկեղեցու պայթեցումը հաստատում է «Իսլամական պետության» վայրենի բնույթը. Նաիրա Կարապետյան

Դեր Զորի եկեղեցու պայթեցումը հաստատում է «Իսլամական պետության» վայրենի 
բնույթը. Նաիրա Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելուն, Քեսաբի և Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորը ելույթում նշել է.

«Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում և Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ և դատապարտում ենք խաղաղ բնակչության և այդ թվում նաև` ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները և ահաբեկչական գործողությունները:

Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար: Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններին, մի քաղաքի, որ կարծես անցյալ դարասկզբին Ցեղասպանության հետևանքով հայերի անմարդկային տեղահանությունների մասին ցավոտ հիշեցում էր: Այս քաղաքը և հարակից 12 գյուղերը դաժան հարձակման ենթարկած ահաբեկչական խմբերը, որ փոխկապակցված էին Ալ-Քաիդայի հետ, սահմանը հատել էին հարևան Թուրքիայի տարածքից:

Ես անձամբ եմ այցելել Սիրիա, հանդիպել եկեղեցիներում ապաստան գտած փախստականների հետ: Նրանք պատմեցին, որ ահաբեկիչները պղծել են Քեսաբի քրիստոնեական եկեղեցիները, ինչպես նաև էական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչության գույքին: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ մենք ականատես եղանք մեկ այլ բարբարոսական գործողության` Արևելյան Սիրիայում ահաբեկիչների կողմից պայթեցվել էր Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դա Հայոց ցեղասպանության սուրբ հուշարձան էր, մի վայր, ուր ամփոփված էին Եղեռնի սարսափելի հանցագործության նահատակների մասունքներ:

Սրբավայրում արված այս բարբարոսությունը հերթական անգամ հաստատում է այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի վայրենի բնույթը:

Բանաձևի նախագծում ԵԽԽՎ-ն հայտնում է խորին մտահոգություն, որ շուրջ 3000 երիտասարդ եվրոպացիներ են «Իսլամական Պետության» շարքերում, որ կռվում են Իրաքում և Սիրիայում, և կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ջանքեր գործադրել բացահայտելու և ետ կանչելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Եկեք խոսենք անկեղծ. ինչու՞ ենք մենք միայն հիմա սկսում անհանգստանալ եվրոպացիների ներգրավվածության վերաբերյալ: Ինչու՞ մենք որևէ քայլ չձեռնարկեցինք Քեսաբի իրադարձություններից հետո, երբ առկա էին փաստեր, որ ահաբեկիչները ներխուժել էին ԵԽ անդամ Թուրքիայի տարածքից: Ինչպե՞ս եղավ, որ նույն կազմակերպության անդամներին սկսեցինք կոչել «ահաբեկիչներ», այն դեպքում, որ Եվրոպան նրանց տևական ժամանակ անվանում էր «ապստամբներ»:

Ինչևէ, ողջունելի է, որ ԵԽԽՎ-ն քայլեր է վերջապես ձեռնարկում, և մենք կոչ ենք անում Վեհաժողովին միանալու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված այս քաղաքակիրթ աշխարհին սպառնացող այս չարիքի վերացմանը և դրա հովանավորության ճանապարհները արմատախիլ անելուն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am