Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի ամենաերկար հեծանվուղին կձգվի Մատենադարանից մինչև Էրեբունի արգելոց-թանգարան

Մայրաքաղաքի ամենաերկար հեծանվուղին կձգվի Մատենադարանից մինչև Էրեբունի 
արգելոց-թանգարան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված օրեր անց կգործարկվի մայրաքաղաքի՝ մինչ այժմ եղած ամենաերկար հեծանվուղին, որը կձգվի Մատենադարանից մինչև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության նախօրյակին անակնկալ է պատրաստել սիրողական և արհեստավարժ հեծանվորդների համար: Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարվա մայիսին հեծանվամարաթոնով մեկնակած «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ին կանցկացվի ամենամեծ հեծանվուղու բացումը: Բացման մեկնարկը կազդարարվի հեծանվամարաթոնով, որին կմասնակցեն 400 հեծանվորդներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, խոսելով հեծանվուղու մասին, նշեց, որ այն ունի նաև զբոսաշրջային նշանակություն:

«Հեծանվային մշակույթի զարգացումը Երևանում իրականացվում է քաղաքապետարանի և տարբեր գործընկեր կազմակերպությունների շնորհիվ: Այդ գործընկերների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Կոկա-Կոլա» ընկերությունը, որի հետ համագործակցում ենք «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ակցիայի շրջանակում: Պատահական չէ, որ առաջին հեծանվուղու բացումն ազդարարդվում է մարաթոնի միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արազ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ մարաթոնին կմասնակցեն թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրահար հեծանվորդները: «Կունենանք հյուրեր նաև այլ երկրներից: Այս ամենը մենք նվիրում ենք բոլոր հեծանվորդներին »,-նշեց Բաղդասարյանը:

Մարաթոնի ավարտին Ազատության հրապարակում տեղի կունենա շոու ծրագիր, որին կմասնակցեն Մոսկվայից ժամանած պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որոնք հատուկ պատրաստված հարթակների վրա կներկայացնեն հնարքներ:

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ընդգծեց, որ դեռևս 2013 թ. եղել է հեծանվուղու նախատիպը: «Հանգեցինք այն եզրակացության, որ պետք է ունենանք հեծանվուղին, քանի որ հեծնավորդների քանակը մայրաքաղաքում վերջերս ավելացավ»,-նշեց Մերթարջյանը: Նրա խոսքով՝ հեծանվուղին անցնում է շատ խաչմերուկներով, և մի շարք տեղերում հարմարեցումներ կլինեն: «Կոչ ենք անում քաղաքացիներին, որ օգտվեն հեծանվուղուց՝ հետևելով երթևեկության կանոններին»,-հավելեց Մերթարջյանը:

«Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո մայրաքաղաքում կանցկացվեն «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարություններ: Ծրագիրն այս տարի ևս հագեցած է: Հոկտեմբերի 11-12-ը մայրաքաղաքում կտիրի տոնական տրամադրություն: «Էրեբունի-Երևան 2796»-ի մշակութային ծրագրերի և կոնֆերանսի կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, իսկ սոցիալական ծրագրի համար՝ 50 միլիոն դրամ: Քաղաքապետարանին աջակցել են բազմաթիվ այլ կազմակերպություններ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]