Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Քրիստոս Ջիակումոպուլոս

Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Քրիստոս 
Ջիակումոպուլոս

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը համատեղ ռազմավարական ծրագիր են մշակել, որ ուղղված է լինելու 2012-2016թթ. ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումներին:  Ծրագրի շրջանակում պետք է ամրապնդվի արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմն ու հաշվետվողականությունը: Ծրագրի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 2-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան  նշեց, որ նախորդ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթի համաձայն, Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ ակտիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Այսօր այդ համագործակցության շրջանակում տրվում է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի համատեղ ծրագրի՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» մեկնարկը: Ծրագրի շահառուներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, Գլխավոր դատախազությունն ու ՀՀ վճռաբեկ դատարանը: Նոր ծրագրի հիմնական նպատակն է ապահովել դատարաններում անկախություն, թափանցիկ աշխատանք, մատչելիություն, քրեակատարողական հիմնարկներում իրականացնել բարեփոխումներ»,- ասաց Տրայան Հրիսթեան` հավելելով, որ բարեփոխումների կարևորությունը հաշվի առնելով, շահագրգիռ կողմերը պետք է աջակցեն ծրագրի համատեղ իրականացմանը` հանուն լավ արդյունքի ապահովման: 

ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը  նշեց, որ Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

«Դատական համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը չափազանց կարևոր են Եվրապայի խորհրդի համար: Մեր կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում օրենքի իշխանությանը, իրավունքի իրականացմանը: Եվրախորհուրդը բազմաթիվ միջազգային ստանդարտներ է մշակել այս ոլորտում, որոնք հիմնականում վերաբերում են արդարադատության, դատական համակարգի արդյունավետությանը»,- ասաց նա:

Ծրագրի ռազմավարական նպատակն է ապահովել, որ Հայաստանի արդարադատության համակարգը դառնա ավելի անկախ, հաշվետու և պրոֆեսիոնալ: Այն նպաստելու է ՀՀ դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն  ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը: Իրականացնում է Եվրոպայի խորհուրդը: Ընդհանուր բյուջեն կազմում է 1 670 000 եվրո (որի 10 տոկոսը ներդրել է ԵԽ-ն, իսկ 90 տոկոսը՝ ԵՄ-ն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]