1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արգենտինայում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա արշավը

Արգենտինայում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  
մեկամյա արշավը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայ համայնքն արդեն ձեւավորել է համայնքային հանձնաժողով, որի որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները: Տեղի կունենան քաղաքական, կրոնական, մշակութային եւ ակադեմիական ուղղվածությամբ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը շեշտում է, որ միջոցառումների նպատակն է քարոզչական լայն արշավ նախաձեռնել ամբողջ տարվա ընթացքում հարցին հանրային հնչեղություն տալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015թ. Արգենտինայում կկայանա նախագահական ընտրություն:

«Համայնքային կազմակերպությունները, կենտրոնական ձեռնարկներից բացի, միջոցառումներ կկազմակերպեն երկրի այլ հայաշատ քաղաքներում: Արգենտինայի հայ համայնքն կենտրոնական հանձնաժողովին առաջարկել է միջոցառումների մեջ ներառել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախագահներ Ռաուլ Ալֆոնսինի եւ Նեսթոր Քիրչների անունով հուշատախտակներ զետեղելը` որպես շնորհակալություն առաջինին՝ 1987թ. Ցեղասպանությունը հրապարակային կերպով ճանաչելու, իսկ երկրորդին՝ 2006թ Արգենտինայի խորհրդարանի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման օրենքն ընդունելու համար: Առաջարկն ընդունված է, հետեւաբար մենք ջանք պիտի թափենք, եւ մեր նպատակն է, որ Արգենտինայի պատվիրակությունը մասնակցի 100-րդ տարելիցի պաշտոնական նախաձեռնություններին»,- ասաց Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Արգենտինայի հայ համայնքն ուշադիր է լինելու նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած ժխտողականության փորձերին եւ փորձելու է հակազդել դրանց: Խաչիկ Տոր Ղուկասյանի փոխանցմամբ արգենտինացի հասարակությունը ծանոթ է Հայոց ցեղասպանությանը, դատապարտում է եւ  կանգնած է հայ ժողովրդի կողքը: Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում խիստ ակտիվացել է թուրք-ադրբեջանական քարոզչությունը: «Բաքվի դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ եւ հետեւողական աշխատանք է կատարում Խոջալուն որպես «Ցեղասպանություն» ճանաչելու ուղղությամբ: Այս հարցի առնչությամբ Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալում հասարակական եւ քաղաքական շրջանակներում: Հետեւաբար, թե որպես համայնք, թե որպես պետություն պետք է անընդհատ աշխատենք, այլապես նրանց փողն ու աշխատանքային ներդրումը կարող են լուրջ հարված հասցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մեր կատարած ջանքերին»,- ասաց Խաչիկ Տեր- Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լավագույն ձեռնարկներից մեկը լինելու է Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի գործարկումը: Դեռեւս հստակ չէ, թե շինարարությունը երբ կավարտվի, սակայն նպատակն է, որ ոչ միայն կառույցը պատրաստ լինի 2015թ, այլեւ կազմակերպվի առաջին ցուցադրությունը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին 2015թ. Ապրիլի 24-ինբ Երեւան հրավիրելու նախաձեռնությանը, Խաչիկ Տեր- Ղուկասյանն այն գնահատեց հանդուգն մարտահրավեր եւ խելացի պատասխան ապրիլին Էրդողանի  արտահայտած «ցավակցությանը», ինչը, փաստորեն, Ցեղասպանության «մեղմ» ժխտողականության նորագույն մարտավարությունն է` ուղղված հատկապես միջազգային հանրային կարծիքին:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: Գերմանիայի խորհրդարանը եւս 2005թ. հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1987թվականին:  

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]