1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուբեն Ջաղինյանը պարզաբանեց Մունդիալ 2014-ի ժամանակ խաղադրույքների մասին գովազդ ցուցադրելու պատճառները

Ռուբեն Ջաղինյանը պարզաբանեց Մունդիալ 2014-ի ժամանակ  խաղադրույքների մասին 
գովազդ  ցուցադրելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ամեն ինչ արել է և հնարավորություններ է փնտրել Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունը ցուցադրման իրավունք ձեռք բերելու  համար: Այս մասին Ազգային ժողովում «Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ» հաղորդման ընթացքում նշեց հեռուստառադիոընկերության խորհրդի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե որն էր պատճառը, որ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության խաղերի հեռարձակման ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում անընդհատ ցուցադրվում էին խաղադրույքների մասին գովազդային հոլովակներ: «Դուք մի ժամանակ ասացիք, որ մենք աշխարհի առաջնության հանդիպումները չենք ցուցադրելու, սակայն մենք հնարավորություններ փնտրեցինք դրանք ցուցադրելու համար: Եվ ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները, ֆուտբոլասերները գոհ են մնացել մեր հեռարձակումներից: Նրանք հնարավորություն ունեցան մեկ ամիս մեր եթերում վայելել ֆուտբոլային լարված հանդիպումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջաղինյանը:

Նրա խոսքով` այդ խաղերը հեռարձակելու համար մեծ գումարներ էին անհրաժեշտ, որոնք Հանրային հեռուստաընկերությունը չուներ: «Դրա համար մենք օգտվել ենք օրենքով մեզ ընձեռված հնարավորություններից, փնտրել և գտել ենք կազմակերպություն, որը մեզ այդ հարցում աջակցել է: Դա բուքմեյքերական ընկերություն էր, իսկ մենք էլ դրա դիմաց պարտավորություն էինք ստանձնել հոլովակներ ցուցադրել, ինչն արել ենք»,- հայտնեց Ջաղինյանը՝ հավելելով, որ այդ հոլովակներն այնքան էլ հաճախ չեն եղել:

Ռուբեն Ջաղինյանը նաև պատրաստակամություն հայտնեց հետագայում առավել ուշադիր լինել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին գովելի համարեց, որ իր նկատառումները հաշվի են առնվելու հետագայում և հեռուստադիտողը զերծ է մնալու խաղադրույքների վերաբերյալ գովազդներից, այն դեպքում, երբ հիմա պետական քաղաքականություն է տարվում մարդկանց խաղատներից հետ պահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]