Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բուխարեստում բացառիկ գիտաժողովում քննարկվել է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը

Բուխարեստում բացառիկ գիտաժողովում քննարկվել է Ցեղասպանության 
միջազգային ճանաչման հարցը

ԲՈւԽԱՐԵՍՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Դուդյան մշակութային կենտրոնում սեպտեմբերի 27-28-տեղի է ունեցել «Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությունը Հայոց սփյուռքի ձեւավորման գործում» գիտաժողովը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց թեմը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինահայոց առաջնորդարանի մամուլի ծառայությունից, գիտաժողովին ներկա են եղել տասներեք երկրներից ժամանած փորձագետներ, ինչպես նաեւ հոգեւոր ներկայացուցիչներ, այդ թվում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Թեհրանի եւ Դամասկոսի թեմերից։

Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիոսկոպոս Հակոբյանի բացման խոսքից հետո Շահե վարդապետ Անանյանն ընթերցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը։ Այնուհետեւ ներկաներին ողջունել է Ռումինիայի պատրիարքական փոխանորդ Վարլամ Պլոյեշտանուն՝ փոխանցելով Ռումին Պատրիարքի խոսքը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը խոսել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած տառապանքների եւ թուրքերի իրականացրած բնաջնջման ծրագրի մասին։ Նույն թեմայի շուրջ խոսել են նաեւ Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, իսկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի խոսքը փոխանցել է Սոֆիայի ՀԲԸՄ ատենապետ Սոնյա Ավագյան -Պետրոսյանը։

Այնուհետեւ գիտաժողովը շարունակել է իր աշխատանքները ՝ անդրադառնալով  ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ տարբեր երկրներում Հայկական հարցի հետապնդման եւ լուսաբանման փորձառությանը: Զեկուցողները ներկայացրել են հայկական սփյուռքի ձեւավորման գործընթացը 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը։ Բուխարեստի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դահլիճում ելույթներ են ունեցել Հարութ Սասունյանը (ԱՄՆ),Նիկոլա Դավիթյանը (Բելգիա),Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը (Իրան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Հակոբ Կարապետյանը (Բուլղարիա), Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Սիրիա), Միհրան Դաբաղը (Գերմանիա), Շահե վարդապետ Անանյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Հակոբ Տեր- Խաչատուրյանը (Կանադա), Էլիզաբեթ Չուլջյանը (ԱՄՆ), Ժիրայր Չոլաքյանը (Ֆրանսիա), Հակոբ Ասատրյանը ( Չեխիա), Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Վարդան Առաքելյանը (Ռումինիա), Վերա Յագուբյանը (Լիբանան), Հովսեփ Պարազյանը (Հունաստան) եւ Աննիկա Թեորնե (Գերմանիա)։

Գիտաժողովի ավարտին ներկայացվել են Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի «Զամկա» տպագրատան կողմից թարգմանաբար հրատարակված Հարութ Սասունյանի «100 հոդված Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ» ռումիներեն ժողովածուն, ինչպես նաեւ Եվրոպայի Հայ դատի կողմից պատրաստված ցեղասպանությանը, Ղարաբաղյան հիմնախնդրին եւ Խոջալուին նվիրված գրքույկները։ Ռումիներեն թարգմանությամբ նաեւ ներկայացվել է «Նուվել դը Արմենիի» ամսագրի պատրաստած «Պոգրոմ » փաստավավերագրական հետազոտությունը` նվիրված Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերին։

Գիտաժողովի հաջորդ օրը Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը մատուցել է Սուրբ եւ Անմահ պատարագ, որի ավարտին Սեպուհ Սրբազանը քարոզել է, Արմաշ Սրբազանը խոսել սրիահայության ներկա տագնապալի վիճակի մասին, իսկ առընթերական Շահե վարդապետ Անանյանը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը։ 

Պատարագից անմիջապես հետո առաջնորդարանին կից տարածքում բացվել է «Լույս» մանկապարտեզը, ուր այսուհետ կհաճախեն քսանից ավելի հայ մանուկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]