Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-10. Խոր և արդիական գրքեր

«Նոր գիրք»-10.  Խոր և արդիական գրքեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Փորձեք ազատ ժամանակ գտնել և գիրք կարդալ: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Խաչատուր Աբովյան, երկեր


«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանը միշտ մտածել է անհատի և հայրենիքի ճակատագրերի մասին, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության սուր հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց: «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Այն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ: «Վերք Հայաստանի» վեպը աշխարհաբար լեզվով առաջին ստեղծագործությունն է: Գրված է 19-րդ դարի հասարակության բոլոր խավերի համար հասկանալի ու մատչելի լեզվով, որն էլ ավելի է բարձրացնում վեպի արժեքն ու գնահատանքը: Կազմող` Նվեր Վիրաբյան:  Գիրքը բաղկացած է 248 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

 

Ժամանակակից գրականություն

Նարեկ Հովսեփյան, «Նոյյան աղավնու վերադարձը» 


Ժողովածուն ամփոփում է  Նարեկ Հովսեփյանի գրավոր ժառանգությունը՝ արձակ բանաստեղծությունները, մաքսիմները և «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակը: Ժողովածուի մեջ ընդգրկված է նաև Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. Առեղծվածային ակնթարթ» գրական դիմանկարը: Բանաստեղծությունները խոհափիլիսոփայական են: Մաքսիմներում արծարծված թեմաներն անընդգրկելի են՝ կրթություն, գիտություն, մշակույթ, բնություն, տիեզերք, հայրենիք և հայրենասիրություն, պետություն և իշխանություն, կյանք և մահ, բարոյականություն և այլն: Իսկ վիպակը հայեցակարգային է՝ իր հռչակման պահից ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանի Հանրապետության փրկության ծրագիր, որի հիմքում ազգային դպրոցն է: Ժողովածուն կազմել, խմբագրել և հրատարակության է պատրաստել Հասմիկ Գուլակյանը: Գիրքը բաղկացած է 192 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

 

Թարգմանական գրականություն 

Հերման Հեսսե, «Տափաստանի գայլը» 

Գերմանացի մեծանուն գրող Հերման Հեսսեի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանությունը գերմաներենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի: Գիրքը բաղկացած է 272 էջից: Այն հրատարակել է «Անտարես» -ը:

 

Մանկական գրականություն

Հովհաննես Թումանյան, « Հեքիաթներ: Ներկայացնում են պլաստիլինե հերոսները»


Գրքում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի` երեխաներից սիրված հեքիաթները, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները: Գիրքը բաղկացած է 48 էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]