Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ  Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՌԴ ԱԳՆ, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Ընդունելությանը ելույթով հանդես  է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադարձել է Հայաստանի անկախության 23 տարիների կարևորագույն իրադարձություններին: ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը:

Իր ելույթում Հրայր Կարապետյանը ընդգծել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից դատապարտող դիրքորոշումներ հնչեցնելու կարևորությունը՝ ապագայում նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ ոճիրները կանխարգելելու նպատակով:

Միջոցառման ընթացքում ընթերցվել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները: Ելույթներով հանդես են եկել Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորևը,  Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

Միջոցառումն ավարտվել է համերգով, որի ընթացքում հնչել են հայ և ռուս արվեստի գործիչների ստեղծագործությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]