Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գայլերին որսալու համար կիրառվող անկանոն մեթոդները բարբարոսություն են. բնապահպան

Գայլերին որսալու համար կիրառվող անկանոն մեթոդները բարբարոսություն են. 
բնապահպան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գայլերին որսալու համար կիրառվող մեթոդները բարբարոսություն են։ «Գայլերի որսը պետք է լինի հիմնավորված, իսկ այն սպանդը, որն այժմ իրականացվում է գայլերի դեմ, պարզապես անթույլատրելի է, քանի որ դա հանգեցնելու է մեր տարածաշրջանում գայլերի տեսակի իսպառ վերցմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց «Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ համակարգող Սիլվա Ադամյանը և հավելեց, որ 20 տարի առաջ Անգլիայում՝ նմանատիպ մեթոդների կիրառման հետևանքով, գայլերը ոչնչացվեցին։

Բանախոսը ասաց, որ իրենք 3 օր առաջ դիմել են վարչապետին, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի գայլերի որսի համար Բնապահպանության նախարարությանը 20 միլիոն դրամ տրամադրելու որոշումը։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 18-ին որոշում է ընդունել և 2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել 20 մլն դրամ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը: «Այդ գումարը կարելի է տրամադրել Կենդանաբանության ինստիտուտին, որը կկազմի գիտական խումբ, որը կկատարի մշտադիտարկումներ՝ գայլերի իրական քանակը պարզելու համար, քանի որ նման լուրջ գիտական հետազոտություններ կատարվել են միայն 15 տարի առաջ: Ըստ այդ հետազոտությունների՝ գայլերի քանակը այն ժամանակ տատանվում էր մոտ 400-500-ի սահմաններում»,-ասաց բնապահպանը։

Փորձագետը նշեց, որ ինքը հասկանում է, որ կառավարությունը փորձում է օգնել գյուղացիներին, զինում է կամ գումար է տրամադրում գայլերի դեմ պայքարի համար և լիովին տրամաբանական է, որ գյուղացիները պետք է պաշտպանեն իրենց տնտեսությունները։ «Վերջին տարիներին բազմաթիվ անտառների հատվելու պատճառով՝ գայլերը կորցնում են իրենց բնադրման տարածքները և սնունդ հայթհայթելու համար դուրս են գալիս անտառներից և հարձակվում են մարդկանց կամ անասունների վրա»,-պարզաբանեց բնապահպանը։

Սիլվա Ադամյանը նկատեց, որ որսորդները փորձում են որսալ հիմնականում էգ գայլերին, քանի որ նրանց սեռական օրգանները շատ թանկ արժեն։ «2011-12թթ. որսված մոտ 200 գայլեր հետազոտության նպատակով տրամադրվել էին Կենդանաբանության ինստիտուտին և բոլոր էգ գայլերի մոտ բացակայում էին սեռական օրգանները։ Հետագայում ես պարզեցի, որ որսորդները գայլերի սեռական օրգանները վաճառում են սև մոգությամբ զբաղվող անձանց, որոնք դրանցից պատրաստում են թալիսմաններ ու վաճառում 2-3 հազար դոլարով»,-հավելեց բանախոսը։

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011 ընթացքում որսված 95 գայլերի մորթիները տրամադրվել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Մորթիները բերվել են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերից:

ՀՀ կառավարության 2012թ. փետրվարի 10-ի որոշմամբ փետրվարից մինչև ապրիլ թույլատրվում էր իրականացնել 200 գայլի որս, և յուրաքանչյուրի դիմաց սահմանված էր 100 հազար դրամ պարգևավճար։ Որոշման ընդունման հիմնական նպատակը գայլերի կողմից Հայաստանի տարբեր բնակավայրերի վրա հարձակման նվազեցման անհրաժեշտությունն է: Գայլերի որսն իրականացվում է ՀՀ տարածքում 2011-2012 թթ. գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]