Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-9. Ուշագրավ, հետաքրքիր, յուրահատուկ գրքեր

«Նոր գիրք»-9. Ուշագրավ, հետաքրքիր, յուրահատուկ գրքեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Կտրվեք աշխատանքային առօրյայից և ազատ ժամանակը դարձրեք տոն գրքի միջոցով: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Դերենիկ Դեմիրճյան, «Երկեր»  


«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսել Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վեր հանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները: Դեմիրճյանը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, սակայն ավելի ճանաչված է արձակ գործերով և դրամատուրգիայով: Կազմող՝ Նվեր Վիրաբյան: Գիրքը բաղկացած է 236 թեէջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Հովհաննես Աղաջանյան, «Հեղափոխական դար»


«Հեղափոխական դար» ընդհանուր վերնագիրն ունեցող գրքում ամփոփված են «Վերջին դարը», «Ողջերն ու մեռածները», «Վասակ և Վարդան», «Մեծ քննությունը» դրամաները և «Հեղափոխական դար» վեպը: «Վերջին դարը» դրամայի հերոսները սպասվող էկոլոգիական աղետի վերաբերյալ իրենց մտորումներով մարդկությանը սթափության կոչ են անում: «Ողջերն ու մեռածները» դրամայում արծարծվում են ցեղասպանության և հայ ժողովրդի հերոսական պայքարի թեմաները:

​ «Վասակ և Վարդան» դրաման 5-րդ դարի պատմական իրադարձությունների մասին է, հեղինակը փորձում է բացահայտել Վարդանի և Վասակի հակասական կերպարները: Ստեղծագործությունը քրիստոնեության և դիվանագիտության շուրջ բանավեճով հյուսված դրամատիկական պատում է: «Մեծ քննությունը» այս դրամայի մի փոքրիկ դրվագն է, ուր ներկայացված է չարի ու բարու պայքարը: «Մեծ քննությունը» կապող օղակ է «Վասակ և Վարդան»-ի և «Հեղափոխական դար» վեպի միջև: Գիրքը բաղկացած է 416 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Արի Տուրունեն, «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ»

Փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով: Գիրքը ֆիններենից թարգմանել է Սվետլանա Հագերտը: Այն բաղկացած է 264 էջից, հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդ յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: Խմբագիր՝ Գալյա Հովհաննիսյան: Կազմող՝ Շավարշ Կարապետյան: Գիրքը բաղկացած է 224 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]